Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Ավինյան․ մեքենաների թվի աճն ու երթևեկության կանոնների խախտումը Երևանի խցանումների գլխավոր պատճառներից են

Երեկ, 14:17
Նրա խոսքով՝ միայն Երևանում տարեկան գրանցվում է մոտավորապես 12,000 մեքենա, որոնք դառնում են քաղաքի երթևեկության մաս
Ավինյան․ մեքենաների թվի աճն ու երթևեկության կանոնների խախտումը Երևանի խցանումների գլխավոր պատճառներից են

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի ․/ԱՌԿԱ/․ Երևանում երթևեկության խցանումների հիմնական պատճառները մեքենաների և վարորդների կողմից երթևեկության կանոնների խախտումների աճող թվերն են, կառավարության նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ միայն Երևանում տարեկան գրանցվում է մոտավորապես 12,000 մեքենա, որոնք դառնում են քաղաքի երթևեկության մաս։ 

Ավինյանը նաև նշեց, որ խցանումների զգալի մասն առաջանում է երթևեկության կանոնների չպահպանման պատճառով։ 

«Մեր տեսլականն այն է, որ Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը, հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր, հանրային տրանսպորտը պետք է դառնա ամենահարմարավետ միջոցը քաղքաով տեղաշարժվելու համար», - ասաց Ավինյանը։ 

Նա հայտնեց, որ մոտ ապագայում կքննարկվի «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքը, որը նախատեսում է կարգավորման նոր մեխանիզմներ։ 

«Մասնավորապես՝ օրինազանց վարորդների և ավտոմեքենաների կայանման սխալ վայրերում կազմակերպելու դեպքում քարշակ ծառայությունն արտապատվիրակելու հնարավորություն ենք ստեղծում», - ասաց Ավինյանը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ խցանումների վերաբերյալ կառավարությունն ամեն օր բազմաթիվ նամակներ է ստանում քաղաքացիներից։ Նա հավելեց, որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ լուծումներ առաջարկելու համար։

«Ոնց որ թե արհեստական բանականությանն այդտեղ ավելի մեծ դերակատարում պիտի վերապահենք։ Մյուս կողմից էլ՝ պետք է հասկանանք՝ ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անսահմանափակ չի, չափ ունի», - նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ պետք տեսնել մեքենաների ներմուծման վիճակագրությունը և հասկանալ, որ այդ մեքենան գալիս և մտնում է այդ նույն փողոցը։