Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Աշխատանքային պայմանագրերի համար էլեկտրոնային ստորագրության պարտադիր պահանջը կհետաձգվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Այսօր, 17:03
Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքում կպահպանվի մինչև 2027թ․–ի հուլիսի 1-ը
Աշխատանքային պայմանագրերի համար էլեկտրոնային ստորագրության պարտադիր պահանջը կհետաձգվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ազգային ժողովnն արտահերթ նիստով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ ըստ նախկինում կատարված փոփոխության՝ 2026 թվականի հունվարի 1-ից պայմանագրերի կնքումը պետք է իրականացվեր բացառապես թվային համակարգով։ Սակայն պարզվել է, որ շատ քաղաքացիներ չեն հասցրել ձեռք բերել նույնականացման քարտեր, առանց որոնց հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ 

«Մենք հիմա բախվում ենք մի իրավիճակի, երբ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքները իրացնելուց այս կարգավորումների պատճառով, որը թույլատրելի իրավիճակ չէ»,- ասաց նախարարը։ 

Նրա խոսքով՝ կարևոր է այս բարեփոխումը փոխկապակցել նաև մեկ այլ բարեփոխման հետ, որը նոր միջազգային չափանիշներին համապատասխանող նույնականացման քարտերի համակարգի ներդրումն է։ 

Ըստ Թորոսյանի՝ եթե հիմա մոտ 200,000 քաղաքացու տրամադրվեն հին քարտերը, հետագայում կրկին վերաթողարկման խնդիր կառաջանա։ 

Նախարարն ընդգծեց, որ համակարգը տեխնիկապես աշխատում է, սակայն առաջարկվում է պահպանել կամավորության սկզբունքը և թույլ տալ շարունակել պայմանագրերի կնքումը նաև թղթային տարբերակով։ 

Նախագծով առաջարկվում է պարտադիր անցումը հետաձգել մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։