Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի մշակման նպատակով ՀՀ-ն կհամագործակցի հեղինակավոր բուհերի հետ
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./ԱՌԿԱ/. Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի մշակման նպատակով ՀՀ-ն համագործակցություն կհաստատի երկու հեղինակավոր բուհերի հետ:
Այս մասին այսօր կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այսօրվա երկու որոշումներով արդեն հնարավորություն ենք ստանում անցնել պայմանագրերի կնքմանը:
«Առաջինը Լոնդոնի արվեստների համալսարանն է, որն առաջին հորիզոնականն է զբաղեցնում միջազգային վարկանշավորման համակարգերում՝ որպես արվեստի և դիզայնի բակալավրիական մակարդակում կրթական ծրագրերի լավագույն բուհ, ինչպես նաև QS վարկանշավորման համակարգում, ըստ որոշ տվյալների, երկրորդ հորիզոնականում է», - ասաց Անդրեասյանը:
Նախարարը հայտնեց, որ երկրորդ պայմանագիրը կկնքվի Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ, որը, հիմնադրված լինելով 1847 թվականին, կատարողական արվեստների կրթության ոլորտում համաշխարհային առաջատարներից է:
«Սա այն եզակի հաստատություններից է, որ կրթական ծրագրեր է առաջարկում ինչպես կատարողական, այնպես էլ արտադրական արվեստների ուղղություններով»,- նշեց նախարարը։
Անդրեասյանը տեղեկացրեց, որ Շոտլանդայի թագավորական կոնսերվատորիայի հետ պայմանագրի արժեքը նախատեսվում է մինչև 371 հազար 325 բրիտանական ֆունտ ստեռլինգին համարժեք դրամի շրջանակում, իսկ Լոնդոնի համալսարանի հետ պայմանագրի արժեքը՝ մինչև 368 հազար 778 բրիտանական ֆունտ ստեռլինգին համարժեք դրամի շրջանակում:
Նախարարը հավելեց, որ Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ աշխատանք է տարվել տեխնոլոգիական կլաստերի ստեղծման ուղղությամբ, առաջին փուլն ավարտված է, իսկ ներկայումս բանակցություններ են ընթանում Քեմբրիջի համալսարանի հետ՝ դասական կլաստերի ձևավորման շուրջ՝ հույս հայտնելով, որ նրանց հետ ևս պայմանագրեր կկնքվեն։
Նրա խոսքով՝ համագործակցությունը նախատեսված է 3 փուլով՝ շուրջ 24 ամիս ժամկետով։
Ըստ նախարարի՝ առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2030 թվականը։