Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանի հողարկավորությունը կկայանա հունվարի 3–ին
29.12.2014,
19:02
Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցությյան բյուրոյի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հողարկավորությունը կկայանա հունվարի 3–ին, Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցությյան բյուրոյի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հողարկավորությունը կկայանա հունվարի 3–ին, Երևանում։ Ինչպես հաղորդեցին ՀՀ կառավարության մամուլի գրասենյակից` համապատասխան որոշումն ընդունվել է Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում
Նիստում որոշվել է, որ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստն անցկացնել 2015 թվականի հունվարի 2-ին, ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում։
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 3-ին, ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:
Վահան Հովհաննիսյանը մահացել է 2014 թվականի դեկտմբերի 28-ին շագանակագեղձի քաղցկեղ հիվանդության բարդությունից։
Վահան Հովհաննիսյանը 1978 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը գիտական կոչումներով պատմության և հնագիտության մեջ։ 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում ։ Հաջորդ ինը տարիները «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող և գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1989 թ. Հովհաննիսյանը գիտաշխատող է եղել ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։
1990-1992 թթ. Վահան Հովհաննիսյանը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ Նաև անդամագրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեին և 1992-1995, անդամ է եղել ՀՅԴ-ի բյուրոյին։ 1995-1998 թթ. բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։ 1998-1999 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։ 1999-2003 թթ.՝ ԱԺ պատգամավոր է եղել (թիվ 17 ընտրատարածք)։ Ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2003, 2007, 2012 թվականներին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Հունիսի 12, 2003-ին և 2007-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, հրաժարական է ներկայացրել 2008թ.։ Հովհաննիսյանը ՀՅԴ-ի թեկնածուն էր 2008 Հայաստանի նախագահական ընտրություներին։
2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ –0--