Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել լրագրողներին ծայրահեղ իրավիճակներում կատարված պրոֆեսիոնալ աշխատանքի համար

26.12.2014, 19:24
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին օգոստոսին առաջին գծում, նոյեմբերին՝ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը նենգաբար խոցելու օրերին և հայկական դրամի փոխարժեքի տատանման ժամանակ դրսևորած պրոֆեսիոնալ և համախմբված աշխատանքի համար։
  ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել լրագրողներին ծայրահեղ իրավիճակներում կատարված պրոֆեսիոնալ աշխատանքի համար
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին օգոստոսին առաջին գծում, նոյեմբերին՝ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը նենգաբար խոցելու օրերին և հայկական դրամի փոխարժեքի տատանման ժամանակ դրսևորած պրոֆեսիոնալ և համախմբված աշխատանքի համար։

«Մենք բոլորս միասին ծանրաբեռնված աշխատանքային տարի անցկացրինք: Այսօր ես շնորհակալություն եմ հայտնում ձեզնից յուրաքանչյուրին և ի դեմս ձեզ՝ մեր ողջ լրատվական հանրությանը, օգոստոսին առաջին գծում և նոյեմբերին՝ Ադրբեջանի կողմից մեր ուղղաթիռը նենգաբար խոցելու օրերին այն պրոֆեսիոնալ և համախմբված աշխատանքի համար», – ասել է ՀՀ նախագահը ԶԼՄ–ների ներկայացուցիչների պատվին կազմակերպված ամանորի  ընդունելության ժամանակ։ Նրա խոսքերով` նման աշխատանք կատարեց հայկական լրատվամիջոցների գերակշիռ մասը։

Սարգսյանն ընդգծել է, որ նույնը կարելի է հայտարարել նաև դրամի արժեզրկման այս վերջին իրադարձությունների հետ կապված, երբ արհեստածին խուճապի նշանները հնարավոր եղավ արագ հարթել այդ թվում նաև ԶԼՄ–ների գիտակից աշխատանքի շնորհիվ:

«Շնորհակալ եմ ձեզ: Այսպիսի աշխատաոճով դուք ավելին եք անում, քան պարզապես գրագետ լրատվություն հաղորդելն է: Դուք ապացուցում եք բոլորին, որ «ազատ մամուլը պատերազմի հատկանիշներով իրավիճակների համար վտանգավոր է» պնդումը երիցս սին է: Դուք ապացուցում եք բոլորին, որ թշնամու կերպարի հետևողական ուռճացման, պատերազմի անվան տակ բանակի գործողությունների կամ պաշտպանական խնդիրների վերաբերյալ տոտալ գրաքննություն մտցնելը բացի բռնապետություն ամրացնելուց ոչ մի այլ իմաստ չունի: Դուք ապացուցում եք, որ հայրենասիրության դրսևորումները մասնագիտություն չեն ճանաչում», – նշել է Սարգսյանը։

ՀՀ նախագահն ավելացրել է, որ սրանով լրագրողները մեծ բան են անում երկրի հետագա ընթացքի համար, որդեգրած արժեքների, խոսքի ազատության հետագա ամրապնդման համար։

Նախագահը նշել է, որ ներկաներից շատերի հետ է քննարկել համատեղ աշխատանքի նրբությունները։ «Երբեք չեմ թաքցրել, որ խնդիրներ տեսնում եմ այսօրվա մեր մամուլի գործունեության մեջ, մասնավորապես չեմ ընդունում անձնական վիրավորանքների և պիտակավորումների ձեռագիրը, որ երբեմն կարելի է տեսնել մեզանում», – ասել է նախագահը։ 

Երկրի ղեկավարի խոսքով` նրա համար  անընդունելի է նաև լրատվամիջոց կոչվելու հավակնություն ունեցող կայքը կամ թերթը հաշվեհարդարի գործիք դարձնելու հոռի գայթակղություններին տրվելը։

«Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ արդեն իսկ իր տեղն է դնում, և տեղեկատվություն ստանալու անսահման մեծ հնարավորություններ ունեցող այսօրվա ընթերցողն ինքն է հետևողականորեն անցյալում թողնում նմանօրինակ լրատվական բարբարոսությունը, երևույթ, որ հենց անցյալին է բնորոշ», – ասել է Սարգսյանը։

«Սիրելի՛ բարեկամներ, մենք մտնում ենք նոր աշխատանքային տարի, որի ընթացքում, կարծում եմ, կրկին հանգիստ ռեժիմով գործելու քիչ հնարավորություններ ենք ունենալու: Մենք դեռևս գտնվում ենք անհանգիստ արտաքին միջավայրի ազդեցության ներքո, մենք ընդգրկուն ծրագրեր ունենք ինտեգրացիոն գործընթացներում առաջ գնալու, մեր տնտեսության վերելքի և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, բազմաթիվ միջոցառումներ ենք նախատեսել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում և, իհարկե, ունենք ամեն օրվա խաղաղությունն աչալրջորեն հսկելու մեր մշտական պարտավորությունը: Այս և աշխատանքի մյուս բոլոր ուղղություններով մենք միասին անելու շատ բան ունենք և, վստահ եմ, որ բաց, թափանցիկ և արդյունավետ ենք անելու», – ընդգծել է Սարգսյանը։ 

ՀՀ նախագահը շնորհավորել է բոլոր լրագրողներին և ԶԼՄ–ների աշխատակիցներին` համոզմունք հայտնելով, որ 2015 թվականը լինելու է համագործակցության և առաջընթացի տարի:–0–