Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Արամ MP 3–ն հուսով է, որ «Եվրատեսիլ-2015»–ը կանցկացվի Հայաստանում

20.03.2014, 17:54
«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայ մասնակից Արամ MP 3 –ն հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում հույս հայտնեց, որ հաջորդ տարի մրցույթը կանցկացվի Հայաստանում։
Արամ MP 3–ն հուսով է, որ «Եվրատեսիլ-2015»–ը կանցկացվի Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայ մասնակից Արամ MP 3 –ն հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում հույս հայտնեց, որ հաջորդ տարի մրցույթը կանցկացվի Հայաստանում։

«Եվրատեսիլ-2014» մրցույթը կկայանա Կոպենհագենում այս տարվա մայիսին։ Եվրաշոուի բոլոր կիսաեզրափակիչները և եզրափակիչը կանցնեն Refshaleoen–ի B&W Hallerne բեմում։ Մրցույթի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 6—ին և 8–ին, իսկ եզրափակիչ շոուն` մայիսի 10–ին։

Մրցույթն անցնում է «Միացիր մեզ» (Join Us) կարգախոսով` կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ սիրած եվրոպական մրցույթին։

«Մեր նպատակն է, որ «Եվրատեսիլ-2015–ն» անցնի Հայաստանում։ Այդ նպատակի համար մենք ջանք չենք խնայում, գիշերները չենք քնում, շատ նյարդայնանում ենք և ամբողջովին կլանված ենք աշխատանքով»,– ասաց երգիչը։

Լրագրողների հետ հանդիպմանն Արամ MP 3–ն և մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը ներկայացել էին վիկինգների սաղավարտներով` ի նշան Կոպենհագենում հաղթանակի։

Կատարողը նախընտրեց չբացել իր շոուի մանրամասները, նշելով միայն, որ իր ելույթում կօգտագործվեն բեմի բոլոր հնարավորությունները։

Ընդհանուր առմամբ` հայ կատարողը բարձր է գնահատում իր հնարավորությունները «Եվրատեսիլ-2014»–ում։ «Մենք լավագույն արդյունքի հույս ունենք... Դատելով բուքմեքերական գրասենյակների գործակիցներից և Եվրոպայի արձագանքներից` առաջին հնգյակում կլինենք»,– նշեց նա։

Մրցույթի` իրեն դուր եկած մասնակիցների կատարումներից Արամ MP 3–ն առանձնացրեց Հունգարիայի կատարողին, նշելով, որ իրեն դուր է գալիս ինչպես երգչի ձայնը, այնպես էլ նրա երգը։
«Եվրատեսիլ-2014»–ում Հունգարիան կներկայացնի Անդրաշ Կալայ–Սոնդերսը (András Kállay-Saunders)։  

Արամ MP3–ն պատմեց, որ իր պրոմո–տուրը կսկսվի մարտի 27–ին Ռուսաստանի քաղաքներից, այնուհետև մինչև ապրիլի 21–ը կշարունակվի Եվրոպայի երկրներում, իսկ ապրիլի վերջին հայկական պատվիրակությունը կմեկնի Դանիա` մրցույթին պատրաստվելու։

Կատարողի խոսքով, «Not Alone» երգի տեսահոլովակը նկարահանվել է կինոֆիլմերի սյուժեի հիման վրա` սկիզբով, զարգացումով և ավարտով, և միակ հայկական տարրը մեղեդիի սկիզբն է։
Գոհար Գասպարյանն իր հերթին հայտնեց, որ հայկական երգի հոլովակի եվրոպական պրեմիերան կկայանա Ամստերդամում պրոմո–տուրի ընթացքում։

Մրցույթի նորամուծությունների շարքում Գասպարյանը նշեց, որ այս տարի մրցույթի բոլոր մասնակիցները կկատարեն «Join us» երգը «Եվրատեսիլ-2013»–ի հաղթող, դանիացի երգչուհի Էմիլի դը Ֆորեստի մասնակցությամբ։

2014 թվականին մրցույթին կմասնակցի 36 երկիր։ Առաջին կիսաեզրափակչում, որը կկայանա մայիսի 6–ին, ելույթ կունենան 16 երկրներ, իսկ երկրորդ կիսաեզրափակչին կմասնակցեն 15 երկրներ։

Հայ երգիչ և շոումեն Արամ MP3–ը (Արամ Սարգսյան), ով ներկայացնում է Հայաստանը Եվրատեսիլ-2014 երգի միջազգային մրցույթում, հանդես կգա առաջին կիսաեզրափակչում մայիսի 6–ին։ Հայաստանի հետ միասին առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենան Ռուսաստանը, Շվեդիան, Ալբանիան, Իսլանդիան, Լատվիան, Ադրբեջանը և Էստոնիան, իսկ երկրորդ մասին կմասնակցեն Բելգիան, Հունգարիան, Մոլդովան, Չեռնոգորիան, Սան–Մարինոն, Պորտուգալիան, Ուկրաինան և Նիդեռլանդները։

Երկու կիսաեզրափակիչների տասական մասնակիցներ եզրափակչում կպայքարեն «մեծ հնգյակի» երկրների ներկայացուցիչների հետ (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), ինչպես նաև ընդունող երկրի` Դանիայի ներկայացուցչի հետ։

Կոպենհագենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը` 1964 և 200 թթ.–ին, իսկ 2005 թ.–ին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50–ամյակին նվիրված տոնակատարությունները։

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։

2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։–0-