Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Կարգավորիչը խախտումներ է հայտնաբերել երշիկի շուկայում

23.11.2016, 13:53
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խախտումներ են հայտնաբերել երշիկի շուկայում։
Կարգավորիչը խախտումներ  է հայտնաբերել երշիկի շուկայում

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խախտումներ են հայտնաբերել երշիկի շուկայում։

Գերատեսչության հաղորդմամբ, «Հետքը» դիմել էր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ նոյեմբերի 14-ին իրացման ցանցից նմուշառումներ կատարելու և տեղական արտադրության բժշկական երշիկների տեսականին (լրատվամիջոցի ընտրությամբ) փորձաքննության ենթարկելու առաջարկով:

Քանի որ պետական վերահսկողության ժամանակ սննդամթերքի անվտանգության մանրէաբանական ցուցանիշներով փորձաքննությունների մրցույթը շահել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան, նույն օրը նմուշառված երշիկները ներկայացվել են հենց այդ լաբորատորիա:

««Հետքը», ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նույն նմուշներն իր ընտրությամբ պետք է հանձներ հավատարմագրված մեկ այլ լաբորատորիա:

Դիտարկման օրը, սակայն, «Հետք»-ը նմուշներ չի վերցրել և այլ լաբորատորիա չի ներկայացրել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Փորձաքննության արդյունքներով՝ ամբողջական փաթեթավորված «Մարիլա» ՍՊԸ-ի 08.11.2016 թվականի արտադրության «Բարձր կարգի» բժշկական եփած երշիկը և «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի 15.11.2016 թվականի արտադրության «Կլասիկ» բժշկական եփած երշիկը մանրէաբանական՝ ՄԱՖԱՄ, ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված նորմերին, որի հիման վրա ծառայությունը համապատասխան գործողություններ կիրականացնի արտադրողների մոտ:

Ծառայության պետի հրամանով՝ նշված ընկերություններում իրականացվում են դիտարկումներ՝ ապահովելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները: Արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:

«Աթենք» ՍՊԸ-ի 11.11.2016 թվականի արտադրության «Բարձր կարգի» եփած բժշկական երշիկի, «Բեկոն» ՍՊԸ-ի 11.11.2016 թվականի արտադրության բժշկական «Ընտանեկան» երշիկի և «Աթենք» ՍՊԸ-ի 15.11.2016 թվականի արտադրության «Գանձասար» բժշկական եփած երշիկի նմուշներում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Գերատեսչությունը նաև նշում է, որ նմուշառված կտորով երշիկները լաբորատոր հետազոտությունների համար հիմք չեն կարող հանդիսանալ, քանի որ դրանք նմուշառման ժամանակ արդեն ունեն երկրորդային աղտոտվածություն:–0–