Հայաստանը բարելավել է դիրքերը «Index of Democracy–2017» ժողովրդավարության ամենամյա վարկանիշում
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. «The Economist Intelligence Unit» կազմակերպությունը (EIU) հրապարակել է Ժողովրդավարության ամենամյա ցուցիչը (Index of Democracy)։
2017 թ.–ի զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 111–րդ տեղը, 2015 թ.–ին մեր երկիրը 113–րդն էր։ Ադրբեջանը 2017 թ.–ին զբաղեցրել է 148–րդ տեղը և ներառվել «ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների» շարքում։ Ըստ EIU զեկույցի` նույն շարքում է դասվել նաև ՌԴ–ն, որը զբաղեցրել է 135–րդ տեղը։ Վրաստանը զբաղեցրել է վարկանիշի 79–րդ հորիզոնականը։
Զեկույցում շեշտադրված է աշխարհում մամուլի ազատության ոլորտում գրանցված հետընթացը։ Հայաստանն այդ պարամետրով զբաղեցրել է 109–րդ տեղը, միաժամանակ այն համարվում է «հիմնականում ոչ ազատ պետություն», իսկ Վրաստանը 49–րդն է և հայտնվել է «մասնակի ազատ» երկրների ցանկում։ Ադրբեջանը զբաղեցրել է 154–րդ տեղը, ՌԴ–ն` 139–րդ։ Նրանք ներառվել են «ոչ ազատ պետությունների» խմբում։
Ժողովրդավարության 2017 թ.–ի ցուցիչն արձանագրել է լուրջ հետընթաց գլոբալ ժողովրդավարության համատեքստում։ Հետազոտությունն ընդգրկել է 165 անկախ պետություն։
Index of Democracy – 2017–ի համաձայն, աշխարհի բնակչության միայն 5%–ն է ապրում «լիարժեք ժողովրդավարության» պայմաններում, ½–ն ապրում է «ոչ լիարժեք», ավելի քան 1/3–ը` «ավտորիտար ռեժիմի» պայմաններում։ Սա վատագույն ցուցանիշն է 2010 թ.–ից։–0–