Երևանյան տրանսպորտում գործելու է հովացման և ջեռուցման համակարգ
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այսօր կայացել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի նիստը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խմբի անդամներին է ներկայացվել հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի վերանայված տարբերակը, ինչպես նաև ցանցի տարբերակների համեմատական ցուցանիշները, որի հիման վրա խորհրդատուին հանձնարարվել է վերջնականացնել ցանցը և ներկայացնել վերջնական հաշվետվություն։
Ներկայացված չափորոշիչների համաձայն բոլոր ավտոբուսները հարմարեցված են լինելու անվասայլակներով տեղաշարժվելու համար, սրահներում գործելու է հովացման և ջեռուցման համակարգ, ինչպես նաև լինելու են կանգառների ազդարարման լուսային ու ձայնային տարբերակներ։
«Ավտոբուսներում տեղադրված են լինելու տոմսերը կարդացող վալիդատոր սարքեր և անցակետեր՝ առջևի դռների մոտ։ Ավտոբուսում գործելու է նաև տեսահսկման համակարգ՝ կարգապահությունը վերահսկելու նպատակով։ Վարորդներն աշխատելու են հերթափոխով և համապատասխանելու են հստակ մասնագիտական չափորոշիչների», – նշված է տարածած հաղորդագրությունում։
Մասնագիտական աշխատանքային խմբի կողմից չափորոշիչների հաստատումից հետո հնարավոր կլինի կատարել ֆինանսական հաշվարկներ և անցնել բարեփոխման իրականացման հաջորդ փուլերին։–0–