Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումները կնպաստեն փոքր և միջին բիզնեսի զարգացմանը. պատգամավոր

17.02.2014, 18:47
Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կհանգեցնի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, կարծում է իշխող ՀՀԿ–ից պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։
Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումները կնպաստեն փոքր և միջին բիզնեսի զարգացմանը. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կհանգեցնի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, կարծում է իշխող ՀՀԿ–ից պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

Նրա խոսքով` կենսաթոշակային բարեփոխումը կարող է հանգեցնել տոկոսադրույքների նվազման, ինչն իր հերթին ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, կենսաթոշակային բարեփոխումը միակ տարբերակն է, երբ Հայաստանը կարող է «երկար փողեր» ստեղծել, ինչը թույլ կտա, մասնավորապես, տրամադրել հիփոթեքային վարկեր 20 տարի ժամկետով 5–7 տոկոս տարեկային տոկոսադրույքով։ Փորձագետները նաև նշում են, որ «երկար փողերի» առաջացումը կարող է հանգեցնել ՓՄՁ–ի համար վարկերի տոկոսադրույքների նվազման։

Խոսելով Հայաստանի սահմաններից դուրս կենսաթոշակային կուտակումների ներդրումների մասին` պատգամավորը նշեց, որ միջոցների մեծ մասը կմնա երկրում։

Կենսաթոշակային ֆոնդերի միջոցները կարող են ներդրվել օտարերկրյա բաժնետոմսերի և պարտատոմսերի մեջ։ Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի կառավարումը կիրականացնեն երկու ընկերություններ` AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT–ը և C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT–ը։

«Երկրից դուրս հանվող և նրա սահմաններում մնացող միջոցների տոկոսային հարաբերակցության թեման այսօրվա դրությամբ շարունակվում է։ Միաժամանակ այս պահին այդ հարաբերակցությունը կազմում է 60/40։ Այսպիսով, միջոցների մեծ մասը կմնա երկրի ներսում` չնայած հասարակությունում տարածված հակառակ խոսակցություններին», – պարզաբանեց Բաղդասարյանը։

Ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ կենսաթոշակային փողերը կներդրվեն բարձր հուսալիություն ունեցող բաժնետոմսերում, պարտատոմսերում և այլ տեսակի արժեթղթերում, ընդ որում` ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։

Բաղդասարյանն ընդգծեց, որ այս օրենքի լիարժեք լեգիտիմության հիմնական խոչընդոտը գործող ֆոնդերի նկատմամբ քաղաքացիների անվստահությունն է։

«Այդ օրենքի բոլոր կողմերի մասին բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ հասարակության բացասական վերաբերմունքն աստիճանաբար նվազում է։ Ինչ վերաբերում է ֆոնդերին, ապա հասարակությունը պետք է իմանա, որ մենք համաշխարհային անուն ունեցող կազմակերպություններ ենք ընտրել»,– նշեց Բաղդասարյանը։

Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։

Հայաստանի ՍԴ–ն հունվարի 24–ին կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ մինչև օրենքի ութ հոդվածների սահմանադրականության մասին գործի քննության ավարտը` 2014 թվականի մարտին 28–ին։ –0–