Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում կսկսվի կորոնավիրուսի դեմ պատվաստումը բրիտանական AstraZeneca ընկերության պատվաստանյութով

21.01.2021, 11:37
1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները
Հայաստանում կսկսվի կորոնավիրուսի դեմ պատվաստումը բրիտանական AstraZeneca ընկերության պատվաստանյութով

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./ԱՌԿԱ/. Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները և «COVAX FACILTY» նախաձեռնության երկրորդ պատուհանի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություններն ու առաջարկները, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Հանձնաժողովի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև բժշկական կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ: 

Հանձնաժողովը քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունների որոշման հարցը՝ հաշվի առնելով տարբեր երկրներում այս ուղղությամբ կիրառվող սկզբունքները, ինչպես նաև այս հիվանդության համաճարակաբանական օրինաչափությունները: 

Ամփոփելով հանձնաժողովի անդամների և նիստին հրավիրված փորձագետների կարծիքները` հանձնաժողովն առաջարկել է COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացնել փուլային՝ սահմանելով ռիսկի խմբերի հետևյալ առաջնահերթությունը. 

• 1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները: 

• Համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները: 

«Հանձնաժողովը քննարկել է նաև «COVAX FACILTY» նախաձեռնության շրջանակներում երկրորդ պատուհանի ընթացքում առաջարկված COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերման հնարավորությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Որոշվել է չմերժել «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը` նախատեսված բնակչության 3%-ի համար՝ հաշվի առնելով հնարավորինս վաղ ժամկետում հասանելիությունը (2021 թվականի մարտ) և արժեքի մատչելիությունը: 

Նշենք, որ Միացյալ Թագավորության «AstraZeneca» ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը կլինիկական փորձարկումների բոլոր փուլերում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունվետությանը ներկայացվող պահանջները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:–0–