Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է մահացած ծննդկանների հարազատներին

08.11.2016, 20:11
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է վերջին շրջանում արձանագրված մայրական մահվան առավել հասարակական հնչեղություն ստացած դեպքերի` երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Նաիրա Աբգարյանի հարազատներին։
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է մահացած ծննդկանների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է վերջին շրջանում արձանագրված մայրական մահվան առավել հասարակական հնչեղություն ստացած դեպքերի` երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Նաիրա Աբգարյանի հարազատներին, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները հանդիպմանը չեն մասնակցել։

Նախարարը տեղեկացրել է, որ մանրամասն ծանոթ է բոլոր դեպքերին, դրանց կապակցությամբ նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովների ուսումնասիրությունների արդյունքներին։

Տուժածների իրավահաջորդները իրենց գոհունակությունը հայտնեցին նախարարության կողմից կազմված մասնագիտական հանձնաժողովների անաչառ վերլուծությունների կապակցությամբ։

«Մենք ձեր կողքին ենք և պատրաստակամ` մեր լիազորությունների շրջանակներում աջակցելու ձեզ։ Ինչ վերաբերում է դատաիրավական գործընթացներին, ապա նախարարությունը լիազորություններ չունի որևէ կերպ միջամտելու, ներազդելու գործի քննությանը»,-ասել է Լևոն Ալթունյանը` հավաստիացնելով, որ օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում հետևողականորեն համապատասխան լուծումներ կտրվեն առողջապահության ոլորտին վերաբերող բարձրացված հարցերին։

Նախարարը նաև տուժողների իրավահաջորդներին առաջարկել է մասնակից դառնալ ոլորտում իրականացվող վերափոխումներին, մասնավորապես` ընդգրկվել շահառուների իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական փոփոխությունների մշակման աշխատանքներում

Տուժողների իրավահաջորդների կողմից առողջապահության համակարգի գործունեությանը վերաբերող խնդրահարույց հարցերի պարզաբանման նպատակով նախարարության համապատասխան ստորաբաժանումներին տրվեցին հանձնարարականներ։

Ամփոփելով հանդիպումը` նախարար Ալթունյանը շեշտել է, որ այս մոտեցումները վերաբերում են ոչ միայն տվյալ երեք դեպքին, այլև նախարարության որդեգրած դիրքորոշումն է։

Նա ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` ուղեցույցների և գործելակարգերի ներդրումը, միտված են ինչպես բժշկական օգնության որակի բարձրացմանը, այնպես էլ` նման դեպքերի առավելագույն նվազեցմանը։–0–