Առավոտյան ՊՆ մեքենայի վթարից տուժած զինվորներից երեքը ծանր վնասվածքներ են ստացել
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այսօր վթարված ՊՆ ավտոմեքենայում գտնված զինվորներից երեքը ծանր կոտրվածքներ են ստացել:
Այս մասին այսօր զինվորական հոսպիտալում լրագրողների հետ զրույցում ասաց Մուրացանի զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ, գնդապետ Գևորգ Ոսկանյանը:
Նա նաև նշեց, որ այսօրվա վթարից հետո 17 զինծառայող դիմել է հիվանդանոց:
«Այս պահին հոսպիտալում հոսպիտալացված է 4 զինծառայող, ևս երկուսին քիչ առաջ տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ Նրանց մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում և անրակի կոտրվածք։ Ամենածանրը կոնքի կոտրվածքով, ողի կոտրվածքով և ազդրոսկրի վզիկի կոտրվածքով զինվորներն են: Անրակի կոտրվածքը ծանր վնասվածների մեջ չի մտնում: Մնացած հիվանդների մոտ սալջարդեր են մարմնի տարբեր հատվածներում և քերծվածքներ: Այս պահին բոլորը դեռ կմնան հոսպիտալում` հնարավոր բարդություններից խուսափելու համար»,- ասաց Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ կոտրվածքներ ունեցող զինվորները բուժումը կշարունակեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում, իսկ վթարի ժամանակ քիչ տուժած զինվորները չեն հոսպիտալացվի:
Այսօր առավոտյան Երևանի Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտ վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում գտնվող և զինծառայողներ տեղափոխող Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով տուժել է 16 զինծառայող:–0–