Երևանի փողոցներից մեկում լուսանկարահանող արագաչափ է գործարկվելու
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Երևան քաղաքի Եղվարդի խճուղու Ձոր 1 բնակելի թաղամասի մուտքի մոտ առկա չկարգավորվող հետիոտնային անցման ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարք, հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:
«Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի հոկտեմբերի 14-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–