ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է Սանկտ Պետերբուրգի մետրոնում որոտացած պայթյունից տուժածների ցուցակը
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Սանկտ Պետերբուրգի ԱԻՆ գլխավոր վարչությունը իր կայքում հրապարակել է Պետերբուրգի մետրոյում որոտացած պայթյունի հետևանքով տուժածների ցուցակը, ովքեր դեռևս մնում են քաղաքի բուժհաստատություններում:
Ապրիլի 4-ին ժամը 06:00-ի տվյալներով ցուցակում նշվում է 51 տուժածի անուն, ովքեր հոսպիտալացվել են վեց բժշկական հաստատություններ:
Ցուցակում չկան հայկական ազգանուններ, սակայն հարկ է նշել, որ հոսպիտալացված չորս կանանց ինքնությունը առայժմ պարզված չէ:
Ապրիլի 3–ին` ժամը 14:40, հզոր պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոյի` «Սեննայա հրապարակ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջև` վագոնում։ ՀՀ ԱԻՆ-ը, հղում անոլեով ՌԴ ԱԻՆ-ին, հաղորդում է, որ ապրիլի 4-ին, ժամը 08:10-ին ստացված տեղեկատվության համաձայն, պայթյունի հետևանքով զոհվել է 14 և տուժել՝ 58 մարդ: ՌԴ քննչական կոմիտեն գնահատում է պատահարը որպես ահաբեկչություն, սակայն ստուգում է նաև այլ վարկածներ: -0-