Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը հունիսին ավելացել է` հասնելով 185,5 հազար դրամի. ԱՎԾ կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախնական կանխատեսումներով` միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ.–ի հունիսին կազմել է 185 506 դրամ (388 դոլար կամ 25 283 ռուբլի), ինչը 2,5 տոկոսով ավել է նախորդ տարվա հունիսի ցուցանիշից, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։
Միաժամանակ 2016թ.–ի մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է 184 299 դրամ, ինչը գրեթե 2,6 տոկոսով ավել է 2015թ.–ի մայիսի ցուցանիշից:
Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ.–ի մայիսին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 226,5 հազ. դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 126,5 հազ. դրամ։ Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը մայիսին կազմել է մոտ 184,3 հազար դրամ։
Միաժամանակ մայիսին ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է տեղեկատվության և կապի ոլորտում` մոտ 399,1 հազար դրամ, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում` մոտ 393,1 հազ. դրամ, և լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 382,2 հազ. դրամ։
Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտը, որտեղ աշխատավարձը կազմել է մոտ 113,7 հազ. դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտը` մոտ 118,2 հազար դրամ, բնակության և հանրային սննդի ոլորտը` 121 ,3 հազար դրամ, կրթության ոլորտը` մոտ 122,4 հազար դրամ ($1 – 476,25 դրամ)։ -0-