Հայաստանն ավիահաղորդակցություն կհաստատի Կանադայի և Սինգապուրի հետ
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել Կանադայի և Սինգապուրի հետ «Օդային հաղորդակցության մասին» համաձայնագրերի ստորագրմանը։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Սերգեյ Ավետիսյանի խոսքով, այսօր երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտը կարգավորված չէ կառավարական համաձայնագրերով։
Նա նշեց, որ պայմանագրերով նախատեսված են բոլոր անհրաժեշտ պահանջները, կարգավորվում է ավիաընկերությունների կոմերցիոն գործունեությունը։
«Համաձայնագիրն ուղղված է երկրների միջև հարաբերությունների լիարժեք իրավական կարգավորմանը, հավասար մրցակցային պայմանների ապահովմանն ու բխում է Հայաստանի կողմից իրականացվող «բաց երկնքի» քաղաքականությունից», – նշեց Ավետիսյանը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին հետաքրքրվեց, թե երբ կիրականացվեն առաջին ուղիղ չվերթերը, ինչին ի պատասխան Ավետիսյանը նշեց, որ դեռևս աշխատանքներ են իրականացվում իրավական դաշտի կարգավորման ուղղությամբ։
Բաց երկնքի քաղաքականության ընդունումից հետո հայկական շուկա դուրս եկան նոր ավիաընկերություններ և վերադարձան Հայաստանում ավելի վաղ գործող կազմակերպությունները։ Մասնավորապես, 2015 թ.–ի վերջի տվյալներով` դեպի Հայաստան չվերթեր են իրականացրել Aegean Airways–ը, Georgian Airways–ը, Iraqi Airways–ը, Al Naser–ը, Mahan Air–ը, Middle East Airways–ը, S7 Airlines–ը, Czech–ը, LOT–ը։
2016 թ.–ի հունիսին Հայաստան չվերթեր են սկսել իրականացնել «Սարատովի ավիաուղիները» և «Ուրալի ավիաուղիները»: Հայկական շուկա մուտք գործելու մտադրության մասին են հայտնել ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը և Brussels Airlines ավիաընկերությունը: Բացի այդ, Ռոսավիացիան 2016 թ.-ի հոկտեմբերի 21-ին Հայաստան չվերթեր իրականացնելու թույլտվություն է տվել երեք ավիաընկերությունների` «Իկար» (PEGAS FLY ապրանքանիշ), «Հյուսիսային քամի» (Nordwind airlines) և «Իժավիա»: -0-