Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը ենթարկվում էր խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի. փաստաբան

17.03.2017, 13:51
«Հաց բերողի» փաստաբանը հայտնում է նրա նկատմամբ խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք դրսևորելու մասին:
«Հաց բերող» Արթուր Սարգսյանը ենթարկվում էր խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին մահացած «Հաց բերող» Արթուր Սարգսյանը ենթարկվում էր խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, գրել է Facebook-ում փաստաբան Տիգրան Եգորյանը:

49-ամյա Արթուր Սարգսյանը մահացել է նախօրեին «Արմենիա» ԲԿ-ում: ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Արթուր Սարգսյանի մահվան նախնական պատճառը «սիրտ - թոքային անբավարարությունն» է:

«Հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ խոշտանգում և անմարդկային վերաբերմունք դրսևորելու հիմքով քրեական հետապնդում հարուցելու և պատասխանատվության ենթարկելու սույն գործով անմիջականորեն զբաղված քննչական խմբի ղեկավարին և այլ քննիչներին», - գրել է Եգորյանը:

Նրա խոսքով, պատասխանատվության է պետք ենթարկել նաև Արթուրի կալանքը հաստատած դատավորներին, ինչպես նաև ՔԿՀ համակարգում Արթուրին անհրաժեշտ խնամք չապահոված բոլոր անձանց: «Այս գործի քննությամբ ՀՔԾ-ն չպետք է զբաղվի», - գրել է Եգորյանը: 

Սարգսյանի պաշտպանները պահանջել են նաև գլխավոր դատախազից, որ «Սասնա Ծռեր» խմբի գործով քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանին և Արթուր Սարգսյանի գործով անմիջական մասնակցություն ունեցած բոլոր քննիչներին մեկուսացնեն Արթուր Սարգսյանի գործով որևէ գործողության կատարումից կամ դրա վրա ազդեցությունից:

«Միաժամանակ, մենք միջնորդել ենք, որպեսզի Արթուրի դիակի դատաբժկական փորձաքննությանն անմիջապես մասնակից դարձվեն միջազգային անկախ դատաբժիշկ փորձագետներ», - գրել է Եգորյանը:

Նա նշել է, որ պաշտպանները պահանջել են նաև, որ մարմնի բոլոր հյուսվածքները հետազոտվեն և դրանցից նմուշներ վերցվեն և տրամադրվեն՝ դրանք անհրաժեշտության դեպքում այլ փորձագետների կողմից ուսումնասիրվելու համար:

«Պահանջել ենք նաև, որ դատաբժկական փորձաքննության ողջ ընթացքը տեսաձայնագրվի և դրա օրինակը՝ Արթուրի առողջության վերաբերյալ բոլոր հնարավոր փաստաթղթերի հետ մեկտեղ, հանձնել մեզ», - գրել է նա:

«Մենք տարակուսում ենք, որ որոշ բժիշկներ արդեն իսկ հրապարակային հայտարարություններ են կատարել այն մասին, որ Արթուրի մահը կապ չունի իր կալանքի և դրա պայմանների հետ` առանց համապատասխան իրավասու ատյանների կողմից համապատասխան եզրահանգումներին սպասելու», - նշել է Եգորյանը:

Փաստաբանի կարծիքով, սա ուղղակիորեն մատնանշում է, որ իշխանությունները ցայտնոտի մեջ փորձում են հանրության ուշադրությունը շեղել քննության ենթակա հիմնական հարցերից: 

«Արթուր Սարգսյանին անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկելով ամբողջ պատասխանատավությունը կրում է պետական ողջ իրավապահ, արդարադատության և քրեակատարողական համակարգը, որի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք: Բայց հիմա արդեն կոնկրետ անուններ և անհատական պատասխանատվությունը պարզելու ժամանակն է», - գրել է Եգորյանը: -0-