Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀՀ–ում պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման ժամկետը չի երկարացվի

03.10.2017, 16:51
ՀՀ–ում պարտադիր կուտակային համակարգի ներդրման ժամկետները չեն վերանայվի։
ՀՀ–ում պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման ժամկետը չի երկարացվի

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում պարտադիր կուտակային համակարգի ներդրման ժամկետները չեն վերանայվի, երեքշաբթի ՀՀ ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը։

Փոխնախարարը հիշեցրեց, որ ըստ գործող օրենսդրության` վերջին տեղափոխված ժամկետներից հետո պարտադիր կուտակային համակարգի լիարժեք ներդրումը նախատեսված է 2018 թ.–ի հուլիսի 1–ից։

«Ըստ օրենքի` 2018 թ.–ի հուլիսին համակարգի բոլոր շահառուները կմիանան պարտադիր կուտակային համակարգին, և կառավարությունը չի նախատեսում փոփոխություններ անել այս դրույթում», – ասաց Թամազյանը։

Նրա խոսքով, օրենքը պետք է իրագործվի նախատեսված ժամկետներում։

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը ներդրվել է Հայաստանում 2014 թ.–ի հունվարի 1–ից և գործում է 1974 թ.–ի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։  

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթները ՀՀ սահմանադրությանն անհամապատասխան ճանաչելուց հետո պարտադիր բաղադրիչը գործում է միայն բյուջետային աշխատողների համար։ Մնացած քաղաքացիների համար օրենսդրական կարգով նախատեսվում էր ավելի վաղ կատարված կենսաթոշակային վճարների վերադարձ։

ՀՀ ԱԺ–ն այս տարվա մայիսի 12–ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց փոփոխություններ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որոնք նախատեսում են պարտադիր բաղադրիչի ներդրման ժամկետի երկարաձգում մինչև 2018 թ.–ի հուլիսի 1–ը։–0–