Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

34-ամյա երևանցին պատրաստել և իրացրել է էլեկտրոնային կեղծ ավիատոմսեր. հարուցվել է քրգործ

10.04.2019, 13:42
Երևան քաղաքի բնակիչը պատրաստել և իրացրել է Երևան-Կիև, Կիև-Երևան չվերթի՝ թվով 5 ավիատոմս:
34-ամյա երևանցին պատրաստել և իրացրել է էլեկտրոնային կեղծ ավիատոմսեր. հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ ավիատոմսեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 34-ամյա տղամարդուն:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. սեպտեմբեր ամսին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1984 թվականին, պատրաստել և իրացրել է Երևան-Կիև, Կիև-Երևան չվերթի՝ թվով 5 ավիատոմս:

Իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը:

Մասնավորապես՝ 34-ամյա տղամարդը, ով տարիներ շարունակ աշխատել է ավիատոմսերի վաճառքով զբաղվող ՍՊ-ում, որոշել է իր գործունեությունը շարունակել համացանցի միջոցով:

«Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ կեղծ ավիատոմսերը ձեռք բերած անձը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով տեղեկացել է 34-ամյա տղամարդու կողմից բացված կայքի մասին: Դեպի Ուկրաինա չվերթի տոմսեր ձեռք բերելու նպատակով կինը զանգահարել է կայքում նշված բջջային հեռախոսահամարին և պատվիրել Երևան-Կիև, Կիև-Երևան չվերթի՝ թվով 5 ավիատոմս՝ ընդհանուր 207 000 ՀՀ դրամ արժեքով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Պարզվել է, որ տղամարդն էլեկտրոնային կեղծ ավիատոմսերը պատրաստել է իր մոտ եղած ավիատոմսի օրինակով և համակարգչի օգնությամբ:

Հետագայում տոմսերը պատվիրած քաղաքացին օդանավակայանում պարզել է, որ իր անվամբ ինքնաթիռի էլեկտրոնային ավիատոմսերի ամրագրումներ չեն կատարվել:

Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:-0-