Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Արցախի ԱԽ. որոշվել է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ Արցախի կապն իրականացնել նոր երթուղով

29.08.2022, 15:17
Արցախի Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով
Արցախի ԱԽ. որոշվել է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ Արցախի կապն իրականացնել նոր երթուղով
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 29-ին կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը, հաղորդում է ԱՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Օրակարգում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր երթուղու շահագործմանը վերաբերող հարցերն էին:

Զեկույցներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Նշվել է, որ, 2020թ.-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն, նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս- Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են:

Նիստի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են նոր ճանապարհի անվտանգային հարցերի ու քաղաքաշինական նորմերի հետ կապված անհրաժեշտ երաշխիքների ապահովումը և այդ ուղղությամբ պետական համապատասխան կառույցների ու Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության փոխգործակցված աշխատանքի կարևորությունը:

Շահագրգիռ քննարկման արդյունքում Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով:–0–