Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. կոնվենցիայի կոմիտեի անդամ

13.12.2023, 13:53
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական վտանգված մշակութային ժառանգության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության խնդրին
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. կոնվենցիայի կոմիտեի անդամ
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2023 թ. դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի և 1999 թ. 2-րդ արձանագրության կոմիտեի նիստը, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կոմիտեի անդամ է ընտրվել 4 տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ղեկավարում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, Պաշտպանության, ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության և Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՀՀ ներկայացուցչության աշխատակիցներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական վտանգված մշակութային ժառանգության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության խնդրին:

Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ բազմաթիվ վկայություններ կան հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և հայկական հետքերի վերացման մասին ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Նախիջևանի շրջանում և Ադրբեջանի այլ հատվածներում։

Նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջարկած և երկրորդ արձանագրության կոմիտեի կողմից աջակցվող առաքելությունը վերջին 3 տարում մերժվում է Ադրբեջանի կողմից:

Ալֆրեդ Քոչարյանը հավելել է, որ ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն Ադրբեջանին ուղղված հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնել հայկական պատմական, մշակութային և կրոնական նշանակության վայրերի և առարկաների շարունակական ոչնչացման ու յուրացման օրինակների մասին, որոնք մարդու իրավունքների միջազգային չափանիշների խախտում են:-0-