Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Բոնդարչուկի «Ստալինգրադ» ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա հոկտեմբերի 10–ին

10.10.2013, 11:52
Ֆյոդոր Բոնդարչուկի «Ստալինգրադ» ֆիլմը, որը «Օսկար» մրցանակի հավակնող ֆիլմերից է, հինգշաբթի կցուցադրվի Երևանում։
Բոնդարչուկի «Ստալինգրադ» ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա հոկտեմբերի 10–ին
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Ֆյոդոր Բոնդարչուկի «Ստալինգրադ» ֆիլմը, որը «Օսկար» մրցանակի հավակնող ֆիլմերից է, հինգշաբթի կցուցադրվի Երևանում։

Հայ հանդիսատեսը կարող է կինոնկարը դիտել 3D ձևաչափով մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում ժամը  12:00–ին, 14:30–ին, 17:0–ին, 22:15–ին։ Տոմսերի արժեքը առավոտյան դիտման համար կազմում է 1500 դրամ, իսկ բոլոր մյուս դեպքերում` 2000 դրամ։

Ֆիլմը պատմում է մի խումբ զինվորների մասին, ովքեր 1942թ.–ին Ստալինգրադում խորհրդային զորքերի անհաջող հակագրոհից հետո ողջ մնացին և հաստատվեցին տեղի տներից մեկում։ Հրամանատարությունը հրաման է արձակում ցանկացած գնով պահել շենքը, սակայն զինվորները պաշտպանության տակ են առնում ոչ միայն տունը, այլ նաև նրա վերջին բնակչուհուն` 19–ամյա Կատյային։ Կինոնկարի գլխավոր դերակատարներն են Պյոտր Ֆյոդորովը, Ալեքսեյ Բարաբաշը, Դմիտրի Լիսենկովը, Անդրեյ Սմոլյակովը, Սերգեյ Բոնդարչուկը, Մարիա Սմոլնիկովան  և ամերիկացի դերասան Թոմաս Քրեչմանը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին, կինոնկարի նկարահանումներն իրականացվել են Պետերբուրգի մոտ գտնվող Լենինգրադյան շրջանի Սապյորնի գյուղում, որտեղ նախկին ռազմական ուսումնական տարածքում դեկորներ են պատրաստվել, որոնցից են «Մանկական շուրջպար» հայտնի շատրվանն ու լեգենդար Պավլովի տունը, ով Ստալինգրադի կռվի մարտիկների հերոսական սխրագործության խորհրդանիշն է դարձել։

«Մեզ ասում էին` դուք գիտե՞ք, որ Պավլովի տունը, վոլգոգրադյան թատրոնը գտնվում են տարբեր տեղերում։ Իհարկե, գիտենք։ Սակայն իմ կարծիքով ակնհայտ է, որ մենք հատուկ ենք արել` բոլոր պաշտամունքային վայրերը մեկ տեղում համախմբելով։ Սա բոլորովին ուրիշ աշխարհ չէ, այլ մի ուրիշ պատմություն, դերասանների խաղ և այլն»,– կինոնկարի մոսկովյան պրեմիերային նվիրված ասուլիսի ժամանակ պատմել է Ֆյոդոր Բոնդարչուկը։

«Ստալինգրադի» հիմնական նկարահանումներն անցկացվել են 2012թ.–ի  մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում։ Զանգվածային տեսարաններում նկարահանվել է շուրջ 1000 դերասան, ընդ որում բոլոր մասնակիցներին ռեժիսորն անձամբ է ընտրել։ Ֆիլմն ի սկզբանե նկարահանվել է 3D տեխնոլոգիայով։ Օպերատոր Մաքսիմ Օսադչիմի հետ տաղավարում աշխատել են մի խումբ ամերիկացի մասնագետներ, ովքեր մասնակցել են «Նոր սարդ մարդ» և «Հոբիթ»  ֆիլմերի ստեղծման գործում։ Ֆիլմի երաժշտությունը գրել է հայտնի ամերիկացի կոմպոզիտոր Անջելո Բադալամենտին։ Կինոնկարի վոկալային մասերը կատարել  է օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն, իսկ «Ստալինգրադի» եզրափակիչ հատվածում Զեմֆիրայի կատարմամբ հնչում է Վիկտոր Ցոյի «Լեգենդա» երգը։  Ֆիլմի բյուջեն կազմում է 30 մլն դոլար։

Բոնդարչուկի ֆիլմի փակ պրեմիերան, որը նախատեսված է եղել կինոարդյունաբերության ներկայացուցիչների համար, տեղի է ունեցել սեպտեմբերի 19–ին Սանկտ Պետերբուրգի «Կինո Էքսպո» համաժողովի փակման ընթացքում։  Սեպտեմբերի 20–ին  կինոնկարը դիտել են ռուսական օսկարյան հանձնաժողովի անդամները և անմիջապես որոշում կայացրել, որ այս տարի հեղինակավոր կինոմրցանակի պայքարում Ռուսաստանը կներկայացնի հենց «Ստալինգրադը»` չնայած ֆորմալ առումով ֆիլմն այդքան էլ չի համապատասխանում։  Ամերիկյան կինոակադեմիայի կանոնակարգի համաձայն, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի մեկ ֆիլմ ներկայացնելու, որը վարձակալության է հանձնվել նախորդ տարվա հոկտեմբերի 1–ից մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 30–ն ընկած ժամանակահատվածում և ցուցադրվել է կինոթատրոնում ոչ պակաս, քան յոթ օր։  

Սեպտեմբերի 28–ին ֆիլմը ցուցադրեցին Հայրենական Մեծ պատերազմի վոլգոգրադյան վետերաններին։ Ֆիլմի մոսկովյան պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 2–ին։ Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ ֆիլմն ամեն դեպքում ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգի «Վելիկան» կինոթատրոնում, որի սեփականատերերն են հենց Բոնդարչուկը և «Լենֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Էդուարդ Պիչուգինը։ Համապատասխան փաստաթղթերը կցվել են ֆիլմի հայտին։

Ամերիկյան կինոակադեմիային այս ամենը լիովին գոհացրել է, քանի որ երեքշաբթի հայտնի է դարձել, որ «Ստալինգրադը» անցել է տեխնիկական ընտրությունը և գրանցվել «Օսկարի» ցուցակում` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Արդյո՞ք ռուսական ֆիլմը կընդգրկվի հավակնորդների ցուցակում, հայտնի կդառնա հունվարի 16–ին։ Անկախ «օսկարյան մրցավազքի» արդյունքներից, «Ստալինգրադը» կցուցադրեն ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Չինաստանում։ ($1 –ը` 406,20 դրամ )։  -0-