Զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրգործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
«2019թ. նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանը՝ պարանով ծառից կախված վիճակում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը), հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: –0–