ԶՈւ բազմաթիվ զորամասերում անսպասելի ստուգայցեր են անցկացվել, բերման են ենթարկվել մի խումբ զինծառայողներ
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 7-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈՒ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Բացահայտվել են մի շարք խախտումներ։ Ռազմական ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել դասընթացներից բացակայող մի խումբ զինծառայողներ, զինվորական կարգապահության վերահսկողության հարցում թերացած հրամանատարների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կանցկացվեն ծառայողական քննություններ», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՊՆ–ից նաև հայտնում են, որ անսպասելի ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ, խախտումների հայտնաբերման դեպքում մեղավորները խստորեն պատժվելու են։–0–