Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Ոստիկանական բաժանմունքներում տեսախցիկներ կտեղադրվեն

13.12.2019, 14:15
Տեսաձայնագրող սարքեր են կցվելու նաև ոստիկանների հագուստին կամ տրանսպորտային միջոցին
Ոստիկանական բաժանմունքներում տեսախցիկներ կտեղադրվեն

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԺ–ն ուրբաթ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում նախատեսված լրացումներն ու փոփոխությունները, որոնցով նախատեսվում է տեսաձայնագրող սարքավորումներ տեղադրել ոստիկանության բաժինների հարցաքննության սենյակներում։

Ինչպես նշեց ՀՀ փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը, նախաձեռնությունը պայմանավորված է ոստիկանության բաժիններում տեսախցիկների և ձայնագրող սարքերի տեղադրման համար իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ։

«Եվրամիության հետ պայմանավորվածությունների շրջանակում Հայաստանը պարտավորվել է մինչև տարեվերջ ոստիկանության առնվազն տասը ստորաբաժանումներում ներդնել տեսաձայնագրող սարքերի համակարգը», – ասաց նա։

Փոփոխություններով առաջարկվում է տեսաձայնագրող սարքեր տեղադրել ոստիկանության ստորաբաժանումների մուտքերի մոտ, հարցաքննության սենյակները համալրել անհրաժեշտ ձայնագրող սարքավորումներով։

Ձայնագրությունները տրամադրվելու են հարցաքննվող անձանց և նրանց ներկայացուցիչներին, քրեական հետապնդում իրականացնող մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև ձերբակալված անձանց պահման վայրերում հանրային դիտորդական խմբերի անդամներին։ Ընդ որում ձայնագրությունները տրամադրվելու են քննություն իրականացնող մարմնի գրավոր թույլտվությամբ։

Տեսաձայնագրող սարքեր են կցվելու նաև ոստիկանների հագուստին կամ տրանսպորտային միջոցին։ Այդ սարքերը պետք է տեսանելի լինեն, բացառությամբ գաղտնի օպերատիվ–հետախուզական միջոցառումներից։–0–