Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Սուրենյանը հայտնել է, թե երբ կնահանջի անոմալ շոգը

18.07.2022, 15:33
Նա հայտնեց, որ առաջիկայում տեղումներ չեն սպասվում
Սուրենյանը հայտնել է, թե երբ կնահանջի անոմալ շոգը
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./ԱՌԿԱ/. Ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է Հայաստանում մինչև հուլիսի 21-ը:

Ինչպես այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը տատանվելու է 38-40 աստիճանի սահմաններում:

Նրա խոսքով, առաջիկայում տեղումներ չեն սպասվում, միակ փոփոխությունը կլինի այն, որ օրվա առաջին կեսին որոշակի ամպամածություն կդիտվի, սակայն դա ընդհանուր օդի ջերմաստիճանի վրա չի ազդի:

«Հուլիսի 22-ից հետո ջերմային ալիքի ազդեցությունը կթուլանա, այն կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն: Հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Արարատյան դաշտում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը 38-40-ի փոխարեն կլինի 34-35 աստիճան», – ասաց Սուրենյանն` ավելացնելով, որ մինչ հուլիսի 21-ը Հայաստանը գտնվում է ջերմային ալիքի ազդեցության գոտում, որը ներթափանցել է Արաբական թերակղզու անապատներից։

Նա նաև նշեց, որ ջերմային ներթափանցումը սկսվել է հուլիսի 10-ից: Մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամենատաք գոտում ՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Երևանում, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին եղել է 38-40 աստիճանի սահմաններում: Հուլիսի 17-ին ջերմային ալիքը ինտենսիվացել է, և օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրացել է:

«Երևանում, Արարատյան դաշտում գրանցվել է 40-41 աստիճան տաքություն: Այդ ջերմությունը պահպանվել է 2-3 ժամ: Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից 5-7 աստիճանով բարձր է»,- ընդգծեց Սուրենյանը:–0–