Մարությանն առաջարկել է քաղաքում թույլատրելի արագությունն իջեցնել մինչև 50 կմ/ժ–ի
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չորեքշաբթի Ավագանու նիստում առաջարկել է նվազեցնել քաղաքում թույլատրելի արագությունը` հասցնելով 50 կմ/ժ–ի։
«Հետիոտների և վարորդների անվտանգության հարցը պետք է լուծել կոնսենսուսի միջոցով։ Բազմաթիվ եվրոպական քաղաքներում այդ հարցը լուծելու համար առաջին հերթին նվազեցնում են թույլատրելի արագությունը։ Եվ եթե մենք պատրաստ ենք դրան, ապա 60կմ/ժ թույլատրելի արագությունը կնվազեցվի` հասնելով 50կմ/ժ–ի», – ասաց Մարությանը։
Նրա խոսքով, Երևանում կան ճանապարհահատվածներ, որտեղ սահմանված թույլատրելի արագությունը 70կմ/ժ է և կա լուսացույցի միջոցով չկարգավորվող հետիոտնային անցում։
Մարությանը նշեց, որ կարևոր է օպերատիվորեն լուծել հետիոտնային անցումների հետ կապված հարցը` նման հատվածների անվտանգությունն ապահովելու համար։
«Ես արդեն հանձնարարել եմ ապահովել հատուկ լուսավորություն բոլոր անցումներում։ Իհարկե, մենք այդ ամենը չենք կարող անել միանգամից։ Ես հանձնարարել եմ գույքագրել բոլոր չլուսավորվող և վտանգավոր անցումները։ Դրանք պետք է անհապաղ լուսավորվեն», – ընդգծեց նա։
Միաժամանակ Մարությանն անհրաժեշտ համարեց, որպեսզի ոստիկանությունն ակտիվորեն կանխի չնախատեսված վայրերում փողոցն անցնելու փորձերը, իսկ խախտողները տուգանվեն։
«Հանգստյան օրերին ես անձամբ նկատում եմ, որ մարդիկ շատ դեպքերում չեն օգտվում վերգետնյա կամ ստորգետնյա անցումներից։ Այստեղ խոսքը համալիր լուծումների մասին է։ Եթե անգամ մենք ամբողջ քաղաքը ծածկենք անցումներով, ապա վստահեցնում եմ ձեզ` խնդիրն ամբողջությամբ չի լուծվի, քանի որ մարդիկ նախընտրում են գնալ «ուղիղ և արագ»», – ասաց Մարությանը։–0–