Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Մարությանի որոշմամբ, հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները չեն անցկացվի

18.08.2021, 13:15
«Էրեբունի-Երևան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը
Մարությանի որոշմամբ, հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները չեն անցկացվի

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները չեն անցկացվի, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ 

«Երևան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երևան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաև՝ Երևանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։ Մասնավորապես, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և 90-ամյա հոբելյանը նշող Երևանի պատմության թանգարանի արդիականացման ծրագրերին», – նշել է Կարապետյանը Facebook–յան իր էջում: 

Հանրային հեռուստաընկերությունը և «Ապրելու Արցախ» հիմնադրամը համատեղ իրականացնում են «100 տուն Արցախում» նախագիծը, որի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: 

Բնակարանները կառուցվելու են Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ: Դատարկ դաշտավայրում շինարարական աշխատանքները մեկնարկել են հունիսի վերջից։–0–