Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Կառավարությանը կներկայացվի սոցիալական գովազդի զարգացման հայեցակարգը

28.06.2019, 20:26
Հայեցակարգը նախատեսում է բազմակողմանի մոտեցումներ` ԶԼՄ–ների և հեռուստատեսության մասին օրենքներում նախատեսված օրենսդրական փոփոխություններից մինչև հարկային փոփոխություններ
Կառավարությանը կներկայացվի սոցիալական գովազդի զարգացման հայեցակարգը

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը, չօգտագործելով սոցիալական գովազդը, բաց է թողնում հասարակության հետ աշխատանքի հզոր գործիք: 

Այս մասին ուրբաթ «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց «Աուդիո–Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Արզուման Հարությունյանը։  

Ըստ փորձագետի, Հայաստանը ոլորտի ինստիտուցիոնալ կայացման կարիք ունի և պատրաստ է կառավարության քննարկմանը ներկայացնել ոլորտի զարգացման հայեցակարգը: 

Ինչպես նշեց Հարությունյանը, 6 ամիսների ընթացքում իրականացվեց սոցիալական գովազդի մոնիտորինգ։ Հետազոտությունը ցույց տվեց, որ ոլորտը բավականաչ վատ վիճակում է գտնվում։ 

«Ուսումնասիրվել է 4 նախարարություն` Առողջապահության, Մշակույթի, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական նախարարությունները։ Պարզվեց, որ տարեկան ստացվում է սոցիալական գովազդի 3–5 հայտ, ընդ որում օրինակ ԱՄՆ–ում տարեկան 330 հազար հոլովակ է թողարկվում», – նշեց Հարությունյանը` հավելելով, որ կա սոցիալական քաղաքականության ծրագիր։ 

«Սոցիալական գովազդը պետք է նպատակաուղղված լինի այդ ծրագրի իրականացմանը։ Սակայն մեզ մոտ ամեն մի նախարարություն իր ուժերով կամ ինչ–որ պատվերով ինչ–որ բան է անում», – ասաց նա։ 

Որպես օրինակ նա նշեց, որ Առողջապահության նախարարությունը հանդես է գալիս շատ լավ նախաձեռնությամբ, այդ թվում` նախարարի մասնակցությամբ, թողարկում է շտապօգնության մեքենաները չարգելակելու, հակածխախոտային հոլովակներ։ 

«Սա շատ գովելի, լավ փաստ է, բայց այն կրում է թռուցիկ բնույթ, կանոնակարգված չէ։ Որպեսզի դրանք լինեն շարունակական` ազդեցության աստիճաններով, տրամաբանական շղթաներով, feedback–ով, պետք է մշակել չափորոշիչներ, որոնք մենք այսօր, ցավոք սրտի, չունենք», – ասաց Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ սոցիալական գովազդը չպետք է լինի կցկտուր, հազվադեպ հեռարձակվի առանձին ռեսուրսներով, այն պետք է ներկայացվի որպես հետևողական քաղաքականություն, որն իր առջև պետք է դնի կոնկրետ նպատակ, ազդի մարդկանց ենթագիտակցության վրա, և սա մեկ օրվա հարց չէ։

«Երկուշաբթի մենք կառավարությանը կներկայացնենք մեր հայեցակարգը` համատեղ աշխատանք սկսելու համար։ Եվ ես այս անգամ լիահույս եմ, որ մենք կկարողանանք կառուցողական երկխոսության միջոցով հասնել Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացմանը», – ընդգծեց Հարությունյանը։ 

Նա նշեց, որ հայեցակարգը նախատեսում է բազմակողմանի մոտեցումներ` ԶԼՄ–ների և հեռուստատեսության մասին օրենքներում նախատեսված օրենսդրական փոփոխություններից մինչև հարկային փոփոխություններ, մասնավորապես առաջարկվում է նախատեսել հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք կտեղադրեն սոցիալական գովազդ։

Բացի այդ նախատեսվում է, որ հատուկ հանձնաժողովը կիրականացվի սոցիալական գովազդի մոնիտորինգ` ըստ իրավական և բովանդակային չափորոշիչների, որպեսզի հնարավոր լինի հասկանալ ուղղությունն ու ուղղումներ կատարել։ 

«Ես ավելի քան հավատացած եմ, որ կոնցեպտը ծափողջյուններով անցնելու է։ Եթե ես գտնեի, որ մեր կառավարությունը մոտ չի գա այս հայեցակարգին, այդքան ժամանակ ու էներգիա չէի վատնի։ Ես խորապես վստահ եմ, որ կառավարությունը հետաքրքրված կլինի սոցիալական գովազդի զարգացմամբ, քանի որ այն կայացած հասարակության ինդիկատորն է», – եզրափակեց Հարությունյանը։–0–