Հայաստանը ԵԶԲ–ից ավելի քան 1,7մլն դոլարի դրամաշնորհ կստանա էներգարդյունավետության ծրագրի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից հասարակական նշանակության շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացման ծրագրի իրականացմանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 1,719մլն դոլարի դրամաշնորհ։
«Ծրագիրը միտված է 5-6 ուղղություններով աշխատանքներ իրականացնելուն։ Ծրագրով նախատեսվում է մոտ 20 շենքում էներգախնայողության մակարդակի աճի մոտ 50 տոկոսով ծրագրեր իրականացնել, որը կբերի էներգիայի 50 տոկոսի խնայողության», – ասաց նա։
«Այս ծրագիրն արդեն մեկ փուլով իրականացվել է, և բավական լավ արդյունքներ են գրանցվել», – ասաց նա։
Սանոսյանն ընդգծեց, որ ծրագիրը կիրականացվի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգարդյունավետության հիմնադրամի կողմից, իրականացման ժամկետը 2 տարի է` երկարաձգման հնարավորությամբ։–0–