Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայ-սերբական հարաբերությունները քայլ առ քայլ առաջընթաց են գրանցում. Հայաստանում կբացվի Սերբիայի դեսպանատուն

14.01.2020, 13:35
Հայաստանում կբացվի Սերբիայի դեսպանատուն
Հայ-սերբական հարաբերությունները քայլ առ քայլ առաջընթաց են գրանցում. Հայաստանում կբացվի Սերբիայի դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումին մասնակցող Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ընդգծելով վերջին շրջանի արդյունավետ հանդիպումներն ու քննարկումները՝ զրուցակիցներն անդրադարձել են ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին։ Նրանք գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-սերբական հարաբերությունները քայլ առ քայլ առաջընթաց են գրանցում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար արդեն գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սերբիա պաշտոնական այցի ընթացքում:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` Սերբիայի վարչապետը տեղեկացրել է, որ փետրվարի վերջին կբացվի Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպանությունը: Նշվել է, որ դրանք կարևոր քայլեր են երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։

«Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել ևս մեկ պայմանավորվածություն՝ սերբական Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարտափ» փառատոն անցկացնելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի նախագահը և Սերբիայի վարչապետն անդրադարձել են երկկողմ համագործակցության համար հեռանկարային ուղղություններին: Նշելով, որ թե Հայաստանի, և թե Սերբիայի համար շատ կարևոր են բնապահպանական խնդիրներն ու կանաչ տեխնոլոգիաները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս ոլորտում ևս երկու երկրները կարող են փոխշահավետ համագործակցել: Կողմերն ընդգծել են նաև փոխշահավետ գործակցության մեծ ներուժը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում: Այս համատեքստում նրանք խոսել են ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին:-0-