«Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել. Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել նույն քրեական գործի շրջանակում, որով անցնում է Սերժ Սարգսյանը
05.12.2019,
21:47
«Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Նախկին պատգամավոր և «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի պետական միջոցների վատնման մեջ հանցակից լինելու համար։
Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանին։
«Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար)», – նշել է նա։
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել նույն քրեական գործի շրջանակում, որով անցնում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցակցություն յուրացման և վատնման մեջ) նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը։–0–