2025թ.-ին պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 411 մլն դրամ․ դատախազություն
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի․/ԱՌԿԱ/․ 2026 թ.-ի մարտի 7-ին տեղի ունեցած Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները:
Ըստ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, 2025 թվականի ընթացքում քննչական մարմինների վարույթներում քննվող, քննված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 411 մլն 728 հազար դրամ (2024 թվականի՝ 1 միլիարդ 479 միլիոն 117 հազար դրամ), որից մինչդատական վարույթում քննված քրեական վարույթներով վերականգնվել է 108 միլիոն 712 հազար դրամը (2024 թվականին՝ 51 միլիոն 935 հազար դրամ), հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Բացի այդ, դատական ակտերի կատարման վարույթով վերականգնվել է պետությանը պատճառված 1 միլիոն 300 հազար դրամը:
2025 թվականին ՀՀ զինվորական դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ ընդհանուր իրավասության դատարան է հանձնվել 943 քրեական գործ՝ 1070 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 905 գործ՝ 1027 անձի վերաբերյալ):
2025 թվականին 856 քրեական գործ՝ 951 անձի վերաբերյալ քննվել և ավարտվել է դատարանում, որից 708 քրեական գործերի դատաքննությունն ավարտվել է մեղադրական դատավճռի կայացմամբ. դատապարտվել է 785 անձ:
Զինվորական դատախազի տեղեկացմամբ, Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2025 թվականին իրականացված 280 ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված՝ 1 միլիարդ 432 միլիոն 493 հազար դրամի վնաս (2024 թվականին՝ 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ):
2025 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 938 միլիոն 80 հազար դրամի վնասը, որից 924 միլիոն 294 հազար դրամը պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից վերականգնվել է արտադատական կարգով:
2024 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից 2025 թվականի ընթացքում վերականգնվել է 92 միլիոն 213 հազար դրամը:
2025 թվականի ընթացքում զինվորական դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 24 հայց (2024 թվականին՝ 19 հայց): 24 հայցերով բռնագանձման ընդհանուր պահանջը 4 միլիարդ 564 միլիոն 117 հազար դրամ է: