Рейтинг@Mail.ru
USD
376.06
EUR
438.86
RUB
4.8219
GEL
139.47
2026 թ. ապրիլի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

1240 նոր աշխատատեղ և 20,000 ծառ. Կառավարությունը 60 ամսով կսուբսիդավորի Համահայկական խաղերի ավանի կառուցումը

Երեկ, 18:50
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել «Համահայկական խաղերի մարզական ավան» ներդրումային ծրագրին
1240 նոր աշխատատեղ և 20,000 ծառ. Կառավարությունը 60 ամսով կսուբսիդավորի Համահայկական խաղերի ավանի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի ․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել «Համահայկական խաղերի մարզական ավան» ներդրումային ծրագրին։

Կառավարության նոր կարգավորմամբ սահմանվում է, որ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից առաջին 60 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի հաշվին կփոխհատուցվեն հողի տրամադրման տարեկան վարձավճարի գումարը և պայմանագրի կատարման արդյունքում ՊՈԱԿ-ի մոտ առաջացող հարկային պարտավորությունները:

Առաջարկվող կարգավորումը չի վերացնում կառուցապատման իրավունքի դիմաց վճարի ինստիտուտը, այլ առաջին 60 ամիսների համար սահմանում է պետական աջակցության ժամանակավոր մեխանիզմ։ Նման մոտեցումն անհրաժեշտ է, քանի որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափը չի կարող պակաս լինել անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափից, իսկ կառուցապատման իրավունքի պայմանագիրը համարվում է չկնքված, եթե դրանում սահմանված չէ վճարի չափը։

Որոշմամբ հիմք է ընդունվում այն մոտեցումը, համաձայն որի՝ ՊՈԱԿ-ը պայմանագրի կնքման օրվանից 5 տարվա համար հրաժարվում է ակնկալվող եկամուտից, այսինքն՝ կառուցապատման իրավունքով հողի տրամադրման տարեկան վճարի կազմում 5 տարվա ընթացքում չի ներառվելու ՊՈԱԿ-ի հավելյալ շահույթը և հաշվարկման հիմքում պահպանվելու է միայն օրենքով պարտադիր նվազագույն շեմը, ինչպես նաև այդ շեմից բխող հարկային պարտավորությունները։

Առաջարկվող կարգավորման էությունը կայանում է նրանում, որ առաջին 60 ամիսների ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցվում է ոչ թե ՊՈԱԿ-ի ակնկալվող շահույթը, այլ միայն օրենքով պարտադիր նվազագույն տարեկան վարձավճարը և այդ վճարից բխող հարկային պարտավորությունները։

Այս մոտեցումը մի կողմից ապահովում է կառուցապատման իրավունքի տրամադրման իրավաչափությունը և նվազագույն վճարի պահանջի պահպանումը, մյուս կողմից՝ թույլ է տալիս բացառել լրացուցիչ եկամտի բաղադրիչը և պետական աջակցության շրջանակը սահմանափակել միայն պարտադիր վճարային բեռով։

Այս հաշվարկը ներկայացվում է որպես նախագծի ֆինանսական ազդեցության գնահատում և կարող է վերջնականապես ճշգրտվել պայմանագրի վերջնական բովանդակության և ՊՈԱԿ-ի հարկային կարգավիճակի հստակեցումից հետո։

Սպասվում է, որ որոշման ընդունումը կնպաստի Համահայկական խաղերի մարզական ավանի ստեղծման ծրագրի անխափան իրականացմանը, մարզական և հանրային, մշակութային ենթակառուցվածքների ձևավորմանը, Հայաստան-Սփյուռք ծրագրերի կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և շրջակա միջավայրի նկատմամբ բնահեն լուծումներով ծրագրի իրագործմանը։

Ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում նախատեսվում է շուրջ 1240 նոր աշխատատեղ և շուրջ 20,000 ծառի տնկում, ինչը կարող է ունենալ նաև լրացուցիչ սոցիալական, տնտեսական և բնապահպանական դրական ազդեցություն։