Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

«Փակ շուկան» կշարունակի գործել որպես շուկա. Երևանի քաղաքապետ

11.06.2013, 16:10
Երևանի «Փակ շուկայի» տեղում բազմաբնակարան շենք չի կառուցվի, և այն կշարունակի գործել որպես շուկա, լրագրողներին տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
 «Փակ շուկան» կշարունակի գործել որպես շուկա. Երևանի քաղաքապետ
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի «Փակ շուկայի» տեղում բազմաբնակարան շենք չի կառուցվի, և այն կշարունակի գործել որպես շուկա, լրագրողներին տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

«Ես ձեզ բոլորիդ վստահեցնում եմ, որ այնտեղ բազմաբնակարանային շենք չի կառուցվի, և Փակ շուկան` պատմամշակութային տարածք լինելով, կվերականգնվի և կշարունակի գործել որպես շուկա»,– երեքշաբթի իր երդմնակալության արարողությունից հետո ասաց նա։

Քաղաքապետը նշեց, որ արդեն սկսվել են Փակ շուկայի տանիքի ծավալներից դուրս բազմահարկ կառույցի ապամոնտաժման աշխատանքները։ «Դրանք կատարվում են բոլորի աչքի առաջ, և կարծում եմ, որ մոտ ժամանակներս կավարտվեն»,– նշեց նա։

Միաժամանակ Մարգարյանը հստակ պատասխան չի տվել լրագրողներին, երբ է  իմացել այն մասին, որ Սամվել Ալեքսանյանը նախատեսում է շուկայի տեղում բազմահարկ շենք կառուցել։ Նա ընդամենը պատասխանեց, որ որոշակի ընթացակարգեր կան, որոնց համաձայն` պետք է արձանագրություններ կազմվեն և միայն դրանից հետո անցնեն ապամոնտաժման աշխատանքներին։

Ընթացիկ տարվա մայիսին վերսկսվեցին շուկայի կամարակապ տանիքի ապամոնտաժման աշխատանքները։ Շենքը ձեռք էր բերել խոշոր գործարար և խորհրդարանի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։

Ըստ որոշ տվյալների` շուկան նախատեսվում էր վերածել մայրաքաղաքի «Yerevan City» ցանցի ամենախոշոր սուպերմարկետի` կառուցելով ևս չորս հարկ, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում։ Ալեքսանյանն ինքը հերքեց այդ խոսակցությունները` տեղեկացնելով, որ ինքը չի քանդում շենքը, այլ վերականգնում է այն, և աշխատանքների ավարտից հետո շուկան կվերսկսի իր գործունեությունը։

Հունիսի 8–ին կայացած Երևանի Ավագանու նորընտիր խորհրդի առաջին նիստից հետո Տարոն Մարգարյանը տեղեկացրեց, որ «Փակ շուկայի» սեփականատերը մտադրվել էր բազմաբնակարան շենք կառուցել, ինչն արգելվել է և ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում` ընդգծելով, որ քաղաքապետարանում նման նախագիծ չի քննարկվել։

Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ նախկինում մտադիր էր շուկայի տեղում բազմաբնակարան շենք կառուցել։

Փակ շուկան, որի շենքը ճարտարապետական հուշարձան է, կառուցվել է 1952թ.–ին` ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով, ում հարյուրամյա հոբելյանը նշվեց 2011թ.–ին Հայաստանում։ –0–