Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Թրամփը վերջ է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը․ Մարկո Ռուբիո

24.09.2025, 21:12
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջ դրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
Թրամփը վերջ է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը․ Մարկո Ռուբիո

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջ դրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը, Fox and Friends-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Կարծում եմ՝ նա ավելի շատ ժամանակ և էներգիա է ներդրել խաղաղության առաջարկների և խաղաղության նախաձեռնություններով հանդես գալու մեջ, քան աշխարհում որևէ մեկը, և նա ավելի շատ հաջողությունների է հասել, քան աշխարհում որևէ մեկը։ Նրա նվաճումները այդքան էլ մեծ չեն, բայց չպետք է մոռանանք, որ պատերազմ է եղել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ռուանդայում. հենց նախագահն էր, որը միջնորդեց խաղաղության հասնելու համար։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու հարցում ևս նախագահը միջնորդեց։ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությանը վերջ է դրել նախագահը։ Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը ևս կարգավորվել է նրա ջանքերով», - ընդգծել է Ռուբիոն։

Վաշինգտոնյան հռչակագրի մասին

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։