Կառավարությունը հաստատել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, այն կուղարկվի ՍԴ
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործունեության կանոնակարգը։ Հարցն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի շարքում։
Որոշման մեջ նշվում է.
«Հավանություն տալ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը»։
Նախատեսվում է կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Կառավարության որոշման մեջ ասվում է, որ Սահմանադրական դատարանի կողմից կանոնակարգում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը ստորագրվել է։
ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի Սահմանադրական դատարան։