Рейтинг@Mail.ru
USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Իրան–Հայաստան ցամաքային սահմանը կրկին բաց է 24–ժամյա փակումից հետո․ դեսպան

Երեկ, 18:03
Իրանի երկու սահմանները 24 ժամով փակվել էին սահմանին գործող համակարգերի տեխնիկական խնդիրների պատճառով
Իրան–Հայաստան ցամաքային սահմանը կրկին բաց է 24–ժամյա փակումից հետո․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/ԱՌԿԱ/․ Իրանի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը կրկին բաց է 24–ժամյա փակումից հետո։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Իրանի երկու սահմանները 24 ժամով փակվել էին սահմանին գործող համակարգերի տեխնիկական խնդիրների պատճառով, դրանցից մեկը հենց իրանա-հայկական սահմանն էր։ Այսօր առավոտյան ժամը 09:30-ին խնդիրը լուծվել է, և այժմ երկու ուղղություններով էլ երթևեկությունն իրականացվում է առանց խոչընդոտների», - նշել է Շիրղոլամին այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը գտնվում է սահմանին և հավաստիացնում է, որ այս պահին կուտակումներ չկան։

«Ինձ նաև տեղեկացրել են, որ 30-40 քաղաքացիներ սպասում էին, բոլորն ունեին միջազգային տոմսեր, նրանց չվերթերը պետք է մեկնեին Երևանից։ Կա նաև հակառակ իրավիճակը, մեր շատ քաղաքացիներ Իրան մեկնելու ճանապարհին ժամանում են Երևան, իսկ հետո ցամաքային ճանապարհով հասնում Թեհրան», - ասել է դեսպանը:

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին

Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:

Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին՝ իր նստավայրին հասցված հարվածի հետևանքով. երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ: