Հռչակագիրն Ադրբեջանի և ԱՄՆ–ի հետ շոշափելի օգուտներ է պարունակում Իրանի, Ռուսաստանի համար․ Փաշինյանը՝ Fox News–ի հարցազրույցում
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Fox News–ին տված հարցազրույցում անդրադարձել է աննախադեպ հնարավորություններին, որոնք բացվում են Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի կողմից հռչակագրի ստորագրումից հետո։
«Կարծում եմ, որ հռչակագիրը բավականին շոշափելի օգուտներ է պարունակում ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Քանի որ, երբ դրանք կյանքի կոչվեն, օրինակ, Իրանը հնարավորություն կունենա Պարսից ծոցից երկաթուղով հասնել մինչև Սև ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը հնարավորություն կունենան ունենալ երկաթուղային կապ միմյանց միջև», – ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ համաձայնագրի իրականացումը կապահովի տնտեսական ձեռքբերումներ ոչ միայն մասնակից երկրների համար։
«Եթե մենք կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, շատ կարևոր և շոշափելի օգուտներ կստանան ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, այլև Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը։ Իրականում նման կապն աննախադեպ կլինի, քանի որ Հարավային Կովկասից ներկայում չկա երկաթուղային կապ, որը կմիացնի Իրանն ու Ռուսաստանը», – ասել է Փաշինյանը։
Նա նաև կարևորել է նոր համաձայնագիրը միջազգային կայունության և անվտանգության տեսակետից։
«Կարծում եմ, որ սա շատ կարևոր համաձայնագիր է, որը կարող է զգալի օգուտ բերել բոլոր երկրներին, և, ի դեպ, ողջ միջազգային հանրությանը՝ միջազգային կայունության և անվտանգության համար նույնպես»,- ասել է Փաշինյանը։
Նա անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և հույս հայտնել, որ այս համաձայնագիրը կդառնա «տարածաշրջանում համագործակցության և խաղաղության խաչմերուկ»։
«Մենք չենք ցանկանում տարաձայնություններ հրահրել, չենք ցանկանում սադրել լարվածություն և այլն։ Մեր նպատակն է ապահովել կայունություն, խաղաղություն, կայուն զարգացում, տնտեսական և քաղաքական համագործակցություն։ Եվ կարծում եմ, որ հռչակագիրը շատ կարևոր և հարմար հարթակ է դրա համար», – նշել է Փաշինյանը։