Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀՀ քաղաքացիների շուրջ 60%-ը դեմ է Սյունիքով անցնող «Թրամփի ուղուն». սոցհարցում

05.09.2025, 14:04
GALLUP International Association-ի սոցհարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների շուրջ 60%-ը դեմ է եղել Սյունիքի մարզով անցնող «Թրամփի ուղուն»
ՀՀ քաղաքացիների շուրջ  60%-ը դեմ է Սյունիքով անցնող «Թրամփի ուղուն». սոցհարցում

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. GALLUP International Association-ի սոցհարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների մոտ 60%-ը դեմ է արտահայտվել Սյունիքի մարզով անցնող «Թրամփի ուղուն», ասել է կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն՝ Արամ Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ Սյունիքի մարզով ճանապարհի տրամադրման նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին հարցին ի պատասխան՝ հարցվածների 17.4%-ը դրական վերաբերմունք է հայտնել, 18.1%-ը՝ լիովին դրական, 14.3%-ը՝ լիովին բացասական, 47.6%-ը՝ լիովին բացասական, քաղաքացիների 5.6%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։

Օգոստոսի 25-30-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է ընդհանուր առմամբ 1101 քաղաքացի։

Վաշինգտոնյան հռչակագրի մասին

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։