Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ քաղաքացիների ավելի քան 47%-ը բացասական վերաբերմունք ունի Վաշինգտոնի հռչակագրի նկատմամբ, 40%-ը՝ դրական. GALLUP-ի հարցման արդյունքները

05.09.2025, 13:24
Gallup International Association-ի կողմից անցկացված հարցման մասնակիցների ավելի քան 47%-ը բացասաբար է վերաբերվում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների կողմից ստորագրված համատեղ հռչակագրին
ՀՀ քաղաքացիների ավելի քան 47%-ը բացասական վերաբերմունք ունի Վաշինգտոնի հռչակագրի նկատմամբ, 40%-ը՝ դրական. GALLUP-ի հարցման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Gallup International Association-ի կողմից անցկացված հարցման մասնակիցների ավելի քան 47%-ը բացասաբար է վերաբերվում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների կողմից ստորագրված համատեղ հռչակագրին։

GALLUP International Association-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով՝ հարցվածների 34%-ը փաստաթուղթը գնահատում է բացարձակապես բացասական, 13.6%-ը՝ բավականին բացասական, 19.3%-ը՝ բավականին դրական, 22.8%-ը՝ լիովին դրական, իսկ 7%-ը՝ դժվարացել է պատասխանել։ Հարցվածների 3.3%-ը տեղյակ չէր համատեղ հռչակագրի մասին։

«Պատասխանների մեծ մասը՝ մոտ 47%, բացասական է, սակայն պատասխանների մոտ 40%-ը՝ դրական», - ասել է նա։ Օգոստոսի 25-30-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է ընդհանուր առմամբ 1101 քաղաքացի։

Վաշինգտոնյան հռչակագրի մասին

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։