Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ տարվում է լուռ, հանդարտ և հանգիստ դիվանագիտական աշխատանք. Փաշինյան

Երեկ, 14:46
Ես կասկած չունեմ, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, ասել է Փաշինյանը
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ տարվում է լուռ, հանդարտ և հանգիստ դիվանագիտական աշխատանք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/ԱՌԿԱ/․ Ես կասկած չունեմ, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ տարվում է լուռ, հանդարտ և հանգիստ դիվանագիտական աշխատանք։

Ըստ Փաշինյանի՝ հիմա արդեն ավելի հստակ է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների համընկնումը, և նույնիսկ պայմանագիրը ստորագրված չլինելու դեպքում՝ խաղաղությունը հաստատված է։

«Մենք հիմա խոսում ենք խաղաղությունն ամրապնդելու և խաղաղությունը հետ շրջելու անհնարինության մասին», - ասել է Փաշինյանը։

Վարչապետը շեշտել է նաև այս գործընթացում ներքաղաքական գործընթացների կարևորությունը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։

«Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պետք է տեր կանգնենք հաստատված խաղաղությանը և այն դարձնենք անշրջելի», - նշել է Փաշինյանը։

Վաշինգտոնյան հռչակագրի մասին

Վաշինգտոնում 2025թ.-ի օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

TRIPP նախագծի մասին  

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։  

2025թ.-ի դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։