Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանը կարևորում է Արգենտինայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը. վարչապետ

22.07.2015, 17:07
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
Հայաստանը կարևորում է Արգենտինայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Արգենտինայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմանի կապերի սերտացմանը:

Գոնսալո Ուռիոլաբեիտիան իր համար մեծ պատիվ է համարել բարեկամ Հայաստանում Արգենտինան ներկայացնելը և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում ներդնելու է առավելագույն ջանքերը՝ մինչ օրս արձանագրված ձեռքբերումները պահպանելու և տարբեր ոլորտներում հայ-արգենտինյան համագործակցությունը խորացնելու համար:

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը և շնորհակալություն հայտնել Արգենտինայի իշխանություններին՝ տեղի հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար: Վարչապետն անհրաժեշտ է համարել հայ-արգենտինյան առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ապրանքաշրջանառության ծավալի ավելացումը և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել այդ ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին:-0-