Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի ղեկավարի ընտրությունը համապատասխանում է միջազգային նորմերին. ԱՊՀ գործադիր կոմիտե

19.02.2013, 14:25
Հայաստանի նախագահական ընտրությունները մրցակցային, բաց և ժողովրդավարական էին, ՌԻԱ Նովոստիին և «Նովոստի–Արմենիա»–ին է հայտնել ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդևը։
Հայաստանի ղեկավարի ընտրությունը համապատասխանում է միջազգային նորմերին. ԱՊՀ գործադիր կոմիտե
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահական ընտրությունները մրցակցային, բաց և ժողովրդավարական էին, ՌԻԱ Նովոստիին և «Նովոստի–Արմենիա»–ին է հայտնել ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդևը։

«Մենք փաստում ենք, որ ընտրությունները բաց էին ու մրցակցային, ընդունված միջազգային նորմերին և ընտրական տեղական օրենսդրությանը համապատասխանող. ի վերջո յոթ թեկնածու կար»,– ասաց նա։

Ըստ նրա, ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որը բաղկացած էր Համագործակցության 8 երկրների 2012 անդամներից, ընդհանուր առմամբ ընտրությունները «բավարար» է գնահատում։

«Չնայած նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած որոշ միջադեպերին`թեկնածուներից մեկի նկատմամբ մահափորձը, մյուս թեկնածուի հայտարարած հացադուլը, նախընտրական քարոզարշավն ընդհանուր առմամբ բավական հանգիստ է անցել»,– նշեց նա։

Լեբեդևը նույնպես բավարար է գնահատել բոլոր թեկնածուների վարքը։

«Չեն եղել վիրավորանքներ, սև փիառ, ինչը շատ կարևոր է, և դա խոստովանում են նաև իրենք նախագահի թեկնածուները, այդ թվում` պետության ներկայիս ղեկավարի ընդդիմախոսները։ Այդ քարոզարշավն անցկացվել է ավելի հանգիստ մթնոլորտում, քան նախորդ նախագահական և խորհրդարանական քարոզարշավները»,– ավելացրեց նա։

Առաքելության ղեկավարը նշեց նաև, որ Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքում խախտումները որևէ կերպ չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա։

«Մեր գրանցած խախտումները զանգվածային բնույթ չեն կրել, և այդ խախտումները որևէ կերպ չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, դա ամենակարևորն է։ Դրանում մենք միակարծիք ենք արևմտյան պետությունների դիտորդների հետ, առաջատար թեկնածուի հաղթանակը միանշանակ է»,– ասաց նա` ավելացնելով, որ գրանցված խախտումները բնորոշ են համագործակցության բոլոր երկրներին։

«Դա թերևս տեղեկատվական նյութերի բացակայությունն է, ընտրացուցակների ոչ ճշգրիտ կազմումը, բայց դրանք առանձին դեպքեր են»,– ավելացրեց նա։

Լեբեդևը հայտնեց, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը հետևել է ոչ միայն նախընտրական քարոզարշավին, այլ նաև վերլուծել է Հայաստանի ընտրական օրենսդրությունը, որում փոփոխություններ են կատարվել, այդ թվում` ավելի վաղ միջազգային դիտորդների կողմից արտահայտած ցանկություններին համապատասխան։

«Մենք գոհունակությամբ նշում ենք, որ Հայաստանի ընտրական օրենսդրությունը դրական փոփոխությունների է ենթարկվել` ավելի մոտենալով ընտրությունների անցկացման ընդունված միջազգային նորմերին»,– ասաց Լեբեդևը։

Նա միաժամանակ հայտնեց, որ ԱՊՀ երկրների ընտրական օրենսդրություններից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, որոնք հաշվի են առնում այդ պետության և ավանդույթները, և մտածողությունը, և առանձնահատկությունները։

«Բայց, այնուամենայնիվ, այսօր մենք կարող ենք փաստել, որ ԱՊՀ երկրների բոլոր օրենսդիր ակտերը, որոնք կարգավորում են ընտրական գործընթացը, համապատասխանում են միջազգային ընդունված նորմերին և, ամենակարևորը, երաշխավորում են Համագործակցության երկրների` ազատ կամարտահայտման իրավունքը։ Հաճելի է, որ ներկայությունը բարձր էր, չնայած անբարենպաստ եղանակին, հատկապես, Հայաստանի լեռնային շրջաններում»,– ընդգծեց նա։

Փետրվարի 18–ին Հայաստանում անցկացվեց թվով վեցերորդ նախագահական ընտրությունը։ ԿԸՀ նախնական տվյալներով` ընտրությանը քվեարկել է 1 518 407 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 60.05 տոկոսը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով, Սերժ Սարգսյանը ստացել է ընտրողների քվեների 58.64 տոկոսը կամ 861160 քվե։

Նրա հիմնական մրցակիցը`Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների 36.75 տոկոս (539 672 քվե)։

Երրորդ տեղում մեծ տարբերությամբ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է` 2.15 տոկոս կամ 31643 քվե։

«Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի օգտին քվեարկել է ընտրողների 1.23 տոկոսը կամ 18093 ընտրող։

Քաղաքագետ, «Radio Hay»–ի ղեկավար Անդրիաս Ղուկասյանը հավաքել է քվեների 0.57% (8328), էպոսագետ Վարդան Սեդրակյանը`0.42% (6203), իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ նախկին նախարար Արման Մելիքյանը` 0.24% (3516)։
-0-