Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը որևէ առնչություն չունի իրական խաղաղության հետ. «Հայաստան» խմբակցություն

12.08.2025, 15:29
Դա պարունակում է Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ, ասվում է «Հայաստան» խմբակցության տարածած հայտարարության մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը որևէ առնչություն չունի իրական խաղաղության հետ. «Հայաստան» խմբակցություն

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ։ : Այս մասին ասվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության տարածած հայտարարության մեջ։

«2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից եռակողմ հանդիպման հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը, որոնց չհիմնավորված կարևորությունը շեշտում և քարոզում են փաշինյանական ռեժիմի ներկայացուցիչները, որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ։ Ավելին, դրանք պարունակում են Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ»,-նշվում է հայտարարության մեջ։

Մասնավորապես, դրանցով փորձ է արվում լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումն ու ցեղասպանական քաղաքականությունը, պատանդառությունն ու շինծու դատավարությունները, Արցախից հայկական հետքի վերացումը, Մինսկի խմբի լուծարմամբ՝ արցախյան հիմնահարցը միջազգային օրակարգից դուրս մղելը, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթումը։

«Այդ պայմանավորվածությունները ոչ միայն չեն վերացնում Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական երեք տասնամյակից ավելի տևող շրջափակումն ու թշնամական գործողությունները, այլև Ադրբեջանը անխոչընդոտ կապ-միջանցք է ստանում Հայաստանի սուվերեն տարածքում՝ ստեղծելով Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումների և արգրեսիան շարունակելու հավելյալ պայմաններ, ստորագրված փաստաթղթերում չկան միջազգային կոնֆլիկտների լուծման արդարության չափանիշները, մարդու ազատությունների և հիմնարար իրավունքների ապահովման և պաշտպանության միջազգային հանձնառությունները»,-ասվում է խմբակցության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ նախաստորագրված համաձայնագիրը (մասնավորապես, հոդված 8-9, հոդված 15) պարունակում է ձևակերպումներ, որոնք ակնհայտորեն օգտագործվելու են արցախյան ազատագրական պայքարին մասնակցած բոլոր հայորդիների դեմ, քողարկում են ադրբեջանական հանցագործությունները, ինչպես նաև զրկում են հայկական կողմին այդ հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու միջազգային գործիքակազմ օգտագործելու հնարավորություններից։

«Անգամ ստորագրված փաստաթղթերում ձևականորեն հռչակված տարածքային ամբողջականության սկզբունքի հարգման, խաղաղություն հաստատելու փոխադարձ կամքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու ձևակերպված դրույթները ոչ մի միջազգային երաշխիք չեն նախանշում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դրանք հիմնված են բացառապես Ադրբեջանի ցանկության վրա: Իսկ այն նախապայմանները, որոնք Ադրբեջանը ներկայումս առաջադրում է (Անկախության հռչակագրից հրաժարում, սահմանադրական փոփոխություններ և այլն), վկայում է վերջինիս ակնհայտ հակառակ ցանկության մասին:

Նշվում է, որ տարածաշրջանային իրական խաղաղությունը և երկարատև կայունությունը՝ հիմված ազգերի ազատ ինքնորոշման վրա, պահանջում է շահերի բազմակողմ համադրում, ուժերի իրական հավասարակշռություն, միջազգային երաշխիքների առկայություն:

«Մեր կողմից անհրաժեշտ է ապահովել Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության համակարգերի ամրապնդում, ներազգային համերաշխության հաստատում, ազգային-պետական ինստիտուտների ամրացում, ինչպես նաև արտաքին դաշնակիցների ներգրավում:   Առանց վերը նշված հարցերի՝ ներկայացված փաստաթղթերը բացառապես փաստում են հայկական կողմին հասցվող մեծ վնասի մասին»,-ասվում է հայտարարության մեջ։

«Հայաստան» խմբակցությունում շեշտել են, որ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ չարաշահելով Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր լիազորությունները, խախտելով կառավարության ստանձնած հանրային-իրավական պատասխանատվությունը, կեղծ խաղաղության քարոզով մոլորության մեջ է փորձում գցել հայ ժողովրդին՝ նպատակ ունենալով ապահովել իր ռեժիմի վերարտադրությունը:

«Մենք մերժում ենք նման գործելաոճը, անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները, վերահաստատում ենք, որ հնարավոր է դուրս գալ մեր ժողովրդին պարտադրվող պարտությունների այս արատավոր շղթայից, վերականգնել մեր ազգային արժանապատվությունն ու կերտել ամուր պետականություն: Այս ամենը հնարավոր է իրականացնել՝ բացառելով ազգային ողբերգության հեղինակ-Հայաստանի գործող ռեժիմի վերարտադրությունը»,-նշվում է հայտարարության տեքստում։

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։