Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը անդամագրվելու համար․ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամագրվելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ։
«Մենք դիմել ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանը անդամագրվելու համար, եւ դա տեղավորվում է մեր բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության տրամաբանության մեջ»,– ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը դիտորդի կարգավիճակ ունի ՇՀԿ–ում։
«Այսինքն այնպես չէ, որ մենք զրոյական վիճակից, այնտեղ բարև–բարլուս էլ չունենք ու հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում։ Ընդ որում, սա նաև կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային ու կառուցվածքային փոփոխությունների հետ, որովհետև նաև քննարկվում է դիտորդի կամ ասոցացված անդամի կարգավիճակները վերացնելու մասին։ Սա միակ և ամենամեծ պատճառը չի, բայց պատճառներից մեկն է», – ասաց Փաշինյանը։
Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2001 թվականին։ Կազմակերպության մեջ ներառված է տասը երկիր՝ Ղազախստան, Չինաստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Պակիստան, Հնդկաստան, Իրան, Բելառուս (2024 թվականից)։ ՇՀԿ դիտորդներն են Աֆղանստանը, Մոնղոլիան։ ՇՀԿ–ի հետ երկխոսության գործընկերներն են Ադրբեջանը, Հաաստանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Շրի Լանկան։
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա 2025 թվականի օգոստոսի վերջին - սեպտեմբերի սկզբին Չինաստանում։