Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Գործադիրը կրկին մերժել է ընդդիմության՝ համամասնական ընտրակարգը պարզեցնելու առաջարկը

18.10.2012, 14:03
ՀՀ կառավարությունը երկրորդ անգամ մերժել է Դաշնակցություն խմբակցության առաջարկությունների փաթեթը, որով առաջարկվում է Ազգային ժողովի ընտրություններն անցկացնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով:
Գործադիրը կրկին մերժել է ընդդիմության՝ համամասնական ընտրակարգը պարզեցնելու առաջարկը
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը երկրորդ անգամ մերժել է Դաշնակցություն խմբակցության առաջարկությունների փաթեթը, որով առաջարկվում է Ազգային ժողովի ընտրություններն անցկացնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով:

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի խոսքով՝ որևէ համակարգի միանշանակ ընտրությունն ինքնին կապ չունի ընտրական գործընթացի արդյունավետության հետ: ՀՀ-ում մեծամասնական ընտրակարգի լրացուցիչ առկայությունը համամասնականին զուգահեռ այն երաշխիքն է, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնարավորությունը:

«Ակնհայտ է նաև, որ պառլամենտական մեծամասնություն կարող է ձևավորվել միայն համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից, քանի որ վերջիններիս թիվը խորհրդարանում զգալիորեն գերակայում է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների քանակի նկատմամբ»,- ասաց Մուրադյանը:

Փոխնախարարը նշեց, որ մեծամասնական ընտրակարգի առկայությունն ինքնին որևէ կերպ չի կարող անդրադառնալ ընտրական գործընթացի, այդ թվում` ընտրվելու իրավունքի արդյունավետ իրականացման վրա: Ընդհակառակը` այս համակարգը հնարավորություն է ընձեռում ընտրողների այն զանգվածին, որոնք չեն ցանկանում իրենց ձայնը տալ որևէ կուսակցության կամ կուսակցական դաշինքի, որոշելու իրենց կողմից նախընտրած թեկնածուին`կուսակցություններից դուրս:--0-