Ֆրանսիան աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ֆրանսիան ողջունում է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ փաստաթղթերի ստորագրումը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«ԱՄՆ աջակցության շնորհիվ գրանցած արդյունքները կարևոր քայլ են` դեպի առաջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումն ու վավերացումը կամբողջացնի այս գործընթացը։ Այս համատեքստում Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը»,- Ֆրանսիայի ԱԳՆ-ի խոսքերը մեջբերում է ՀՀ հանրային հեռուստատեսությունը։
Ֆրանսիան, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից մեկն է։
Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային հաղորդակցման կապերի զարգացումը և սահմանների բացումը՝ հարգելով պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված սկզբունքները, պետք է հնարավորություն տան Հարավային Կովկասին դառնալ խաղաղության և բարգավաճման գոտի՝ ի բարօրություն տարածաշրջանի բնակչության։
«Իր եվրոպացի գործընկերների հետ միասին Ֆրանսիան կշարունակի ակտիվորեն նպաստել այս նպատակին հասնելուն, մասնավորապես՝ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։
Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։