Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
432.96
RUB
4.6571
GEL
138.19
2026 թ. մարտի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Բուլղարիան աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին․ Փաշինյանն ընդունել է նորանշանակ դեսպանին

Երեկ, 18:36
Դեսպան Նիկոլովը հայտնել է Բուլղարիայի աջակցությունը ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Բուլղարիան աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին․ Փաշինյանն ընդունել է նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Նշվում է, որ վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան–Բուլղարիա համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել։ 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին կրում են դինամիկ բնույթ, առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Միաժամանակ, երկրի ղեկավարը կարևորել է Բուլղարիայի աջակցությունը Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ամրապնդման գործում։ 

Նիկոլա Նիկոլովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանը Հարավային Կովկասում Բուլղարիայի կարևոր գործընկերներից մեկն է և իր երկիրը մեծապես կարևորում է տարբեր ոլորտներում կապերի հետևողական զարգացումը։

«Դեսպանը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, էներգետիկայի, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտներում համագործակցությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ, Նիկոլա Նիկոլովը հայտնել է Բուլղարիայի աջակցությունը ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին», - նշված է հաղորդագրության մեջ։ 

Հաջորդիվ զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես վերը նշված ուղղություններով, այնպես էլ կրթության, մշակույթի բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։ 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող թեմաների։